Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցով անդրադարձել է պետական, եկեղեցական և մի շարք այլ հարցերի:
ABC Media-ն ներկայացնում է վարչապետի ճեպազրույցը՝ կետերով.
- Ուրախ եմ արձանագրել, որ նոյեմբերի արդյունքներով նույնպես Հայաստանի զբոսաշրջային հոսքերը բացարձակ ռեկորդ են գրանցել: Ուզում եմ ընդգծել, որ դա միանշանակ խաղաղության օրակարգի առաջմղման արդյունքն է, որովհետև այդ պրոցեսը սկսվեց այն բանից հետո, երբ մենք մարտի վերջին Ադրբեջանի հետ հայտարարեցինք խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին:
- Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով: Կառավարման համակարգի հետագա բարելավումների համար մենք պատրաստվում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ՀՀ ժողովրդին:
- Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններից և «Խաղաղության խաչմերուկ» նախագծից հետո ներդրումային հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ էականորեն մեծացել է, և մենք շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն և ներկայություն, բայց մեր համագործակցությունը շատ ավելի լայն համատեքստ ունի:
- Նախ՝ մենք երբևէ չենք հրաժարվել բանակցել, և բանակցել ենք ՀՀ-ում գեներացված պատկերացումներին համապատասխան, և խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ արձանագրել ենք, որ իրական բանակցություններում, դիվանագիտական և միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունն ահռելի խզում ունի այն բովանդակությունից, որը շատ երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը:
- Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, և դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ:
- Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս – Խմբ․) անունը չի հնչում: