Դեկտեմբերի 4-ի՝ ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի ապօրինի սեփականաշնորհված հողամասը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
«Շրջակա միջավայրին ամրացվող գույքը Գառնի համայնքի «Բազալտե երգեհոն» (հանրությանն առավել հայտնի «Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում գտնվող՝ 0.1 հա մակերեսով հողամաս է: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ: Հաշվի առնելով, որ բնության հուշարձանները բնության հատուկ պահպանվող տարածքներ են և ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, առաջարկվում է գույքը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։