Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի նստաշրջանում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք արդար է, այն որ հունվարի 1-ից հետո զորակոչվածները և արդեն վեց ամիս ծառայող զինծառայողները միաժամանակ զորացրվեն։
Նախարարն ընդգծել է, որ անարդարության որևէ տարր չկա, քանի որ օրենքն ուժի մեջ է մտնելու և անմիջապես կիրառվելու է ընթացիկ զորակոչի վրա։
«Անարդար բան չկա։ Եթե օրենքը կընդունվեր հունիսի 1-ին, գուցե որոշակի անարդարություն լիներ։ Իսկ այժմ այն տարածվում է անմիջապես զորակոչի վրա, և սա լիովին արդար մոտեցում է»,- հայտարարել է Պապիկյանը։
Նախարարը կոչ է արել զինծառայողներին ու նրանց ծնողներին ըմբռնումով մոտենալ փոփոխություններին՝ նշելով, որ դրանք վերաբերում են ապագա զորակոչիկներին ևս, այդ թվում՝ հենց իրենց հարազատներին։
Պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ թե ինչ իրավիճակ է տարածաշրջանային երկրներում զինծառայության կրճատման առումով, Պապիկյանը նշել է, որ տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են։
«Թուրքիան ու Վրաստանը ավելի շուտ են շեշտը դրել պրոֆեսիոնալ բանակի վրա, իսկ Ադրբեջանը 1,5 տարվա ծառայության անցում է կատարել 2000-ականներին։ Բայց համեմատվել որևէ մեկի հետ տեղին չէ։ Մենք պետք է ելնենք մեր ռեսուրսներից և հնարավորություններից»,- ասել է նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ նախագծի հիմնարար մասը պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ուղղությամբ շարժվելն է․ «Ժամկետային զինծառայությունը պետք է պահպանվի, սակայն դառնա պրոֆեսիոնալ բանակի համալրման աղբյուր։ Դրա լավագույն օրինակն է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը»։