Մեկ դասարան՝ տարբեր մակարդակներ. ինչպե՞ս հաղթահարել ուսումնական անհամաչափությունը. «Դպրություն»

Ժամանակակից հանրակրթական դպրոցներում մշտապես հանդիպում են աշակերտներ, ովքեր ուսումնական գործընթացում ցույց են տալիս դանդաղ առաջընթաց կամ զգալի հետընթաց։ Այս երևույթը հաճախ դիտարկվում է որպես խնդիր, սակայն, որոշ հետազոտություններ և մանկավարժական փորձը ցույց են տալիս, որ դա հաճախ ունի օրինաչափ բնույթ, որը պայմանավորված է անհատական զարգացմամբ, սոցիալական միջավայրով, կրթական պայմաններով և հոգեբանական առանձնահատկություններով։

Ուստի կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ուսումնական գործընթացից հետ մնացումները դիտարկվում են որպես անհատական խնդիր, թե՞ օրինաչափություն, և ի՞նչ դեր ունեն ուսուցիչներն ու հոգեբաններն այս իրավիճակների ճանաչման ու հաղթահարման գործում։ Հետ մնացումների պատճառագիտությունը բազմաշերտ է, և ուսուցչի դիտումը կարևոր է դրա բացահայտման համար։

«Շատ կարևոր է ուսուցիչների ընկալումն և ընդհանրապես՝ կրթության գործը կազմակերպող լիազոր մարմինների ընկալումը, այս երևույթի նկատմամբ վերաբերմունքը։ Արդյոք դա որպես խնդիր են դիտում, թե՞ օրինաչափություն»,- ասում է Երևանի Ստեփան Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոցի ուսուցչուհի, «Հանրակրթական ուսումնական գործընթացում հետ մնացող աշակերտներ․ խնդի՞ր, թե՞ օրինաչափություն» գրքի համահեղինակ Նելլի Հայրապետյանը։

Հուզական վիճակը կարող է անմիջականորեն արտացոլվել ուսումնական առաջընթացի վրա։ Իսկ հոգեբանի և ուսուցչի համագործակցությունը հիմնական պայման է՝ երևույթի վաղ կանխարգելման համար։

«Հարցը բավականին խորն է, և տարբեր կողմերից կարելի է մոտենալ։ Ես բազմիցս եմ նշել, որ երեխայի խառնվածքը մեծ նշանակություն ունի ուսուցման գործընթացում։ Ծնողների հետ աշխատանքը նույնպես կարևոր է համալիր մոտեցման համար», ասում է հոգեբան Մարինե Աղումյանը։

Leave a Comment