ՀՀ աշխատաշուկայում օտարերկրացիների աշխատանքին վերաբերող կարգավորումների խնդիրն օր օրի մեծացող է համարում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Կառավարությունն առաջարկում է նախագիծ, ըստ որի օտարերկրացիների աշխատանքի թույլտվության գործիքակազմը որոշակի փոփոխության պետք է ենթարկել:
Պատգամավորը կարծում է, որ օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունն ըստ էության չի գործելու կամ լինելու է բացառապես ձևական բնույթի, քանի որ դրա փոխարեն ներդրվելու է քվոտաների համակարգ, օրինակ՝ Կառավարությունը որոշելու է, որ տարեկան այսքան օտարեկրացուց ավելի չի կարող աշխատել։
«Սա նորից լուծում չէ, եղածն էլ մի բան չէր, այս առաջարկով էլ, միևնույն է, խնդիրը չի լուծվում», – ասաց Թադևոս Ավետիսյանը: Ըստ նրա՝ գործիքի նպատակն է արդյունավետ պաշտպանել ՀՀ աշխատաշուկան և սա, այո, լեգիտիմ նպատակ է, բայց խնդիրը լուծում են երկու գործիքների արդյունավետ համադրմամբ՝ և՛ օտարերկացիների աշխատանքի թույլտվությունը, և՛ քվոտան պետք է համադրվեն:
Պատգամավորը շեշտեց, որ միայն օտարեկրացիների աշխատանքի թույլտվությունն այս մեխանիզմով ձևական բնույթ է կրում. առաջին հերթին, պետք է ծրագիրն այնպես մշակել, որ եթե կա ՀՀ քաղաքացի, որը կարող է թափուր աշխատատեղը համալրել, մենք պետք է ապահովենք, որ գործատուն այդ մասին իմանա, իր գնահատումը դրա վերաբերյալ տա, և եթե չստացվի համալրումը, նոր այլ երկրից աշխատող բերի և համալրի:
«Հիմա դուք այս մասը հանում եք, ասում եք՝ հանում ենք, որովհետև լավ չի աշխատել: Լավ չի աշխատել, ուրեմն պետք է մտածենք այնպես անել, որ այս գործիքն աշխատի: Երեք տարի հետո էլ գալու եք ասեք՝ քվոտավորումն էլ չաշխատեց, եկեք սա էլ հանենք: Այսինքն, կա՛մ հիմա խնդիրն ամբողջության մեջ բերեք լուծենք, կամ ավելորդ վարչարարություներով մարդկանց մի՛ տանջեք», – եզրափակեց Թադևոսյանը: