Այսօր՝ դեկտեմբերի 4-ին կայացած կառավարության նիստում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը անդրադարձել է նախորդիվ կառավարության նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկին։
«Նշեմ նաև, որ Կառավարության նախորդ նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկով, որը վերաբերում էր Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելուն, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ»,-ասել է Աննա Վարդապետյանը:
Որոշման նախապատմությունը հակիրճ ներկայացվել է:
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը (Ալիկ Սարգսյան), օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին (Վարդգես Մաթևոսյան), 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի (Հովիկ Աբրահամյան) վարորդին և Արարատի նախկին մարզպետին (Ալիկ Սարգսյան) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
Նշեմ, որ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:
Ուսումնասիրության արդյունքներով՝
- Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Կադաստրի կոմիտեին՝ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության և Արարատի նախկին մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում կատարելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կատարվել է նշված հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում:
- Դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (3 դրվագ)):
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է:
Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման մեջ նշված հողերից՝
- 5330 հեկտարն այլևս Ընկերությանն անհատույց օգտագործման հանձնված չէ:
- 4118 հեկտարի և 3620 հեկտարի մասով կնքված պայմանագիրն առոչինչ է:
Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության N 479-Ա որոշումը:
Դատախազը նշեց նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, այսօրվա դրությամբ, մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ։