Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը» անունով փաթեթ:
«Փաստը» հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանի հետ է զրուցել:
-Պարո՛ն Ուլոյան, Հայաստանի նախկին նախագահների ճնշման ներքո և Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց հորդորներից հետո կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Որքան հասկանում ենք քաղաքական ու հասարակական շրջանակների արձագանքներից, այս փաթեթն ամբողջությամբ ցույց չի տալիս, թե ինչ զարգացում է ապրել բանակցային գործընթացը, ավելին՝ կան տեսակետներ, որ ընտրողաբար են հրապարակվել փաստաթղթերը։ Իրականում ի՞նչ փաստաթղթեր է հրապարակել կառավարությունը։
– Կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերի գերակշիռ մասը վաղուց հրապարակված են եղել, մասնավորապես՝ 90-ականներին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Մյուս ժամանակահատվածներն ընդգրկող փաստաթղթերը ևս, եթե ոչ պաշտոնապես, ապա արտահոսքերի կամ բուն փաստաթղթերից առանձնացված հիմնական դրույթների կամ սկզբունքների տեսքով բազմիցս հրապարակվել են։ Այսինքն, թեմայով քիչ թե շատ հետաքրքրվող շրջանակները, այսպես թե այնպես, պատկերացում ունեին այդ փաստաթղթերի բովանդակության մասին։ Սակայն խնդիրն այն է, որ հրապարակված փաստաթղթերը նախ ամբողջական չեն: Ի մասնավորի, բացակայում են ինչպես կոնկրետ փաստաթղթեր ու առաջարկներ, այնպես էլ դրանց վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխանները, և երկրորդ՝ հրապարակված նյութերն ակնհայտորեն կրում են ընտրովի ու մանիպուլ յացիոն բնույթ. Մեղրիի տարբերակի նախաբանում այդ տարբերակի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է կցված, և որպես առանձին նյութ կցված են 2018 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությունները։
-Գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հե՞տ։
– Այո, սա 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած մանիպուլյացիոն շղթայի հերթական փուլն է։ Եթե մինչև օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրի ստորագրումը Փաշինյանն, այնուամենայնիվ, խուսափում էր որևէ բան հրապարակել, ապա դրանից հետո, օգոստոսի 23-ի ուղերձի տրամաբանությունից ելնելով, թվում էր, թե իրեն արդեն ոչինչ չի խանգարում ցինիկաբար հրապարակել բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Սակայն, հրապարակված նյութերի կիսատ ու ընտրովի հանգամանքներից ելնելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը ինչ-որ «արժեքավոր» փաստաթղթեր, այնուամենանիվ, թաքցնում են։ Որպես օրինակ՝ 97-98 թվականներին առաջարկված 3 փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի պաշտոնական պատասխանները վաղուց պաշտոնապես հրապարակված են, ինչո՞ւ ներկայում դրանք կցված չեն հրապարակված փաստաթղթերին, և ինչո՞ւ գաղտնազերծված չեն մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հայկական կողմի արձագանքները, այդ թվում՝ 2019 թվականի։ Այնպես որ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել։ Դրա լավագույն ապացույցը փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո նույն կառավարության կայքում հրապարակված անանուն հոդվածն էր, որն ամբողջովին ընդգծում է մոտ ապագայում իշխանությունների ու իրենց արբանյակների կողմից շրջանառման ենթակա կեղծիքների ու մանիպուլյացիաների ողջ բազան։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: