«Եվրատեսիլ»-ը Իսրայելի վերաբերյալ «վճռորոշ» որոշում կկայացնի

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հինգշաբթի օրը Ժնևում կայանալիք «վճռորոշ» հանդիպման ընթացքում որոշելու են թույլատրե՞լ Իսրայելին մասնակցել մրցույթին, թե՞ ոչ, գրում է BBC-ին։

Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան արդեն հայտարարվել են, որ կբոյկոտեն մրցույթը, եթե Իսրայելը մասնակցի մրցույթին։ Գերմանիան նշել է, որ կհեռանա մրցույթից, եթե Իսրայելի մասնակցությունն արգելվի։

Քննարկումները հրավիրվել են այն բանից հետո, երբ Իսրայելի դեմ բողոքող խմբերը փորձել են խափանել 2024 և 2025 թվականների մրցույթները՝ ընդգծելով իրենց դժգոհությունը Գազայում վարած պատերազմի և այդ ընթացքում պաղեստինցիների զոհերի կապակցությամբ։

Այս տարվա մեծ եզրափակչի ժամանակ, որը կայացել է Շվեյցարիայի Բազել քաղաքում, երկու անձ փորձել է ներկ լցնել Իսրայելը ներկայացնող Յուվալ Ռաֆայելի ուղղությամբ։

Անձնակազմը նրանց կանգնեցրել է, ավելի ուշ՝ ձերբակալել։ Ռաֆայելը մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հանրային քվեարկությունում վստահ հաղթանակ տանելով, ինչն էլ հարուցել էր մի շարք երկրների դժգոհությունը։

Նրանք պնդել են, որ Իսրայելի կառավարությունն արհեստականորեն մեծացրել է իր մասնակցի դիրքերը՝ Եվրոպայում ծավալված վճարովի գովազդային արշավի միջոցով, որով կոչ էր արվում մարդկանց քվեարկել իրենց օգտին։

Իսրայելը չի արձագանքել այդ մեղադրանքներին։ Նախորդ ամիս «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարել են, որ խստացնում են քվեարկության կանոնները՝ արդյունքների վրա կառավարությունների ներգործությունը նվազեցնելու նպատակով։

Leave a Comment