«Հակակոռուպցիոն շաբաթի» շրջանակում դեկտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հյուրընկալել է մի շարք բուհերի ուսանողների։ Կոմիտե ժամանած երիտասարդներին ընդունել է ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է հակակոռուպցցիոն կոմիտեից։
Ուսանողների հետ քննարկման ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն սկզբունքները։ Նա առանձնացրել է կառույցի դերը համակարգային պայքարի մեջ՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն կանխարգելիչ մեխանիզմների, թափանցիկության և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով։
Քննարկման առանցքային մասը նվիրված է եղել կոռուպցիայի կանխարգելմանը՝ ներկայացնելով այն գործիքներն ու մոտեցումները, որոնք թույլ են տալիս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը պետական և հասարակական կառավարման բոլոր մակարդակներում։ Մասնավորապես, խոսվել է կոռուպցիայի դեմ պայքարում պատասխանատվության մշակույթի ձևավորման և բարեվարքության արժեքների ամրապնդման կարևորության մասին։
Հանդիպման ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ձևաչափով քննարկման արդյունքում շեշտվել է, որ հակակոռուպցիոն գործընթացներում հաջողության համար կարևոր է ոչ միայն պետական կառույցների հետևողական գործունեությունը, այլև հասարակության ակտիվ մասնակցությունն ու վերահսկողությունը։