Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին, որն անցել է հարգալից, բարեկամական տոնով և նպաստել է երկու երկրների միջև երկխոսությանը։
«Ես հեռախոսազրույց ունեցա և խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցը հարգալից էր, նույնիսկ բարեկամական», – ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցի բնույթը ցույց է տալիս «քայլեր երկու երկրների միջև հարգալից երկխոսության ուղղությամբ»։
Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ «կարևոր բաները պետք է գաղտնի մնան մինչև իրականություն դառնալը»։ Նա ողջունել է Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական երկխոսությունը և նշել Վենեսուելայի խաղաղության ձգտումը։
«Կեցցե՛ երկխոսությունը, դիվանագիտությունը և խաղաղությունը», – անգլերենով ասել է Մադուրոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի և Մադուրոյի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։