🎥 Չելսիի անպարտելի շարքն ընդհատվեց Լիդսում, Լիվերպուլը փրկվեց պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը նշանավորվեց գրանդների համար բարդ հանդիպումներով։ «Չելսին» անսպասելի պարտություն կրեց արտագնա խաղում, իսկ «Լիվերպուլը» միավորներ կորցրեց սեփական հարկի տակ։

«Էլանդ Ռոուդ» մարզադաշտում կայացած խաղում «Լիդս Յունայթեդը» 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։ «Սիրամարգերը» հանդիպումը սկսեցին ակտիվորեն. արդեն 6-րդ րոպեին Յակա Բիյոլը առաջ մղեց տանտերերին, իսկ ընդմիջումից առաջ՝ 43-րդ րոպեին, Աո Տանական կրկնապատկեց հաշիվը։

Թեև երկրորդ խաղակեսի սկզբում՝ 50-րդ րոպեին, Պեդրու Նետուն կրճատեց հաշվի տարբերությունը, «Չելսիին» ավելին անել չհաջողվեց։ 72-րդ րոպեին Դոմինիկ Կալվերտ-Լյուինը խփեց երրորդ գնդակը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։

Այսպիսով, ընդհատվեց Էնցո Մարեսկայի գլխավորած թիմի տպավորիչ անպարտելի շարքը։ Վերջին անգամ «Չելսին» պարտվել էր հոկտեմբերի 25-ին՝ «Սանդերլենդին», որից հետո անցկացրած 8 խաղում (բոլոր մրցաշարերում) տոնել էր 5 հաղթանակ և գրանցել 2 ոչ-ոքի։

Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

«Էնֆիլդում» «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Սանդերլենդին»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 67-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Շեմսդին Տալբին։ Մերսիսայդցիները պարտությունից փրկվեցին միայն 81-րդ րոպեին՝ Նորդի Մուկիելեի ինքնագոլի շնորհիվ։

Հատկանշական է, որ այդ դրվագում գոլի հեղինակ կարող էր դառնալ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։ Հենց նրա հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում, և սկզբում գոլը գրանցվեց նրա անունով։ Սակայն ավելի ուշ որոշումը փոխվեց և արձանագրվեց որպես ինքնագոլ։ Սա նշանակում է, որ Վիրցի «երաշտային» շարքը շարունակվում է. ԱՊԼ-ում անցկացրած 13 խաղում գերմանացին դեռևս ոչ մի գոլ չի խփել և ոչ մի գոլային փոխանցում չի կատարել (0+0):

«Չելսին» 24 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Սանդերլենդը» 23 միավորով գտնվում է 6-րդ տեղում։ «Լիվերպուլը» 22 միավորով հանգրվանել է 8-րդ տեղում, «Լիդս Յունայթեդը» 14 միավորով ընթանում է 17-րդ հորիզոնականում։ Հաջորդ տուրի հանդիպումները նախատեսված են դեկտեմբերի 6-ին, «Լիդսը» սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին», «Չելսին» արտագնա խաղում կմրցի «Բորնմուտի» հետ, իսկ «Սանդերլենդը» կհյուրընկալվի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment