Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց Բեռլինի «Ունիոնի» հետ։ «Ան դեր Ալտեն Ֆյորսթերայ» մարզադաշտում կայացած դրամատիկ պայքարն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:2։
Հանդիպումն աչքի ընկավ հազվադեպ հանդիպող իրադարձություններով։ Խաղի հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ «Ունիոնի» հարձակվող Իլյաս Անսան գրավեց սեփական դարպասը։ 25-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց մյունխենցիների առավելությունը։
Առաջին խաղակեսի վերջնամասը թեժ ստացվեց. 40-րդ րոպեին տանտերերի պաշտպան Լեոպոլդ Կվերֆելդը 11-մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում (45+4) «Ունիոնի» մեկ այլ պաշտպան՝ Դիոգու Լեյտեն, դարձավ երկրորդ ինքնագոլի հեղինակը՝ 1:3:
Երկրորդ խաղակեսում՝ 55-րդ րոպեին, Կվերֆելդը ևս մեկ անգամ անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով դուբլ և հաշիվը դարձնելով 2:3, սակայն դա բավարար չեղավ բեռլինցիներին խաղը փրկելու համար։
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի գործող գավաթակիրը «Շտուտգարտն» է, որը եզրափակիչում 4:2 հաշվով հաղթել էր «Արմինիային»։
Գոլերի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ