Ավստրիայի Գոլդենշտայն գյուղից երեք միանձնուհիներ՝ Ռիթան, Ռեգինան և Բերնադետը, սեպտեմբերին հրաժարվել էին ընդունել իրենց տեղափոխելու որոշումը և փախել են տարեցների տնից ։ Նրանք վերադարձել էին իրենց լքված մենաստան, կոտրել կողպեքները, մշտական բնակություն հաստատել այնտեղ։
Մենաստանը ենթակա է Ռայխերսբերգի աբբայությանը, և այնտեղի ղեկավարը՝ Մարկուս Գրայսլը, հրապարակայնորեն քննադատել էր միանձնուհիներին՝ պահանջելով և հորդորելով նրանց վերադառնալ տարեցների տուն՝ նշելով նրանց տարիքն ու խնամքի անհրաժեշտությունը։ Սակայն, միանձնուհիները չեն համաձայնել։
Այդ ընթացքում նրանք «Ինստագրամում» էջ են բացել եւ սկսել ակտիվություն ցուցաբերել: Սա դարձել է նոր տարաձայնության պատճառ։ Աբբայությունը հայտարարել էր, որ կանայք կարող են մնալ մենաստանում միայն այն դեպքում, եթե դադարեցնեն սոցիալական ցանցերի ակտիվությունը և մենաստան չթողնեն այցելուների։
Միանձնուհիները մերժել են նաև այս պահանջը, և Գրայսլը դիմել է Վատիկանին՝ խնդրելով, որ այնտեղ քննարկեն իրավիճակը։
Ի պատասխան, երեք միանձնուհիները Սուրբ Աթոռին ուղարկել են բողոքագիր՝ հայտարարելով, որ Գրայսլը խախտում է եկեղեցական կարգերը, հրաժարվում է շփումից և առանց իրենց համաձայնության փորձել է հեռացնել նրանց մենաստանից։
Նրանք պնդում են, որ նրա վարքը վնասում է եկեղեցու հեղինակությանը և խնդրում են Վատիկանին նշանակել նոր ղեկավար։