Նախագծերի փաթեթը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել խմելու եւ ոռոգման ջրի ոլորտներում Կառավարության կողմից սահմանվող իրավական ակտերի հստակեցման եւ օրենսդրությամբ դրանց համար լիազորող նորմ սահմանելու նպատակով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով՝ նշել է, որ ամեն տարի Ջրային կոմիտեն դիմում է Կառավարությանը, որպեսզի կայացվի որոշում ոռոգման սեզոնից դուրս շրջանում խոնավալիցք, աղակալված հողերի լվացում իրականացնելու համար:
Առաջարկվող օրենսդրական փաթեթով կսահմանվի լիազորող նորմ, որով Կառավարությունը կիրականացնի նշված գործառույթները: Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է բացառապես ինքնահոս եղանակով տեղափոխվող ջրին:
Արամազդ Ղալամքարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նախատեսվող կարգավորումներին, ինչպես նաեւ խոսել է ջրամբարների կառուցմանը վերաբերող ծրագրերի իրականացման մասին:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ: