Ղազարյանը Բրյուսելում ներկայացրել է վիզաների ազատականացման ծրագրով իրականացվող աշխատանքները

Ղազարյանը Բրյուսելում ներկայացրել է վիզաների ազատականացման ծրագրով իրականացվող աշխատանքները

3 դեկտեմբերի 2025 – 18:33 AMT

PanARMENIAN.Net – Բրյուսելում անցկացված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստին մասնակցել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նիստի ժամանակ արժևորվել է վերջին շրջանում ՀՀ–ԵՄ համատեղ աշխատանքի նշանակալի առաջընթացը, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդյունքները։ Մասնավորապես, կարևորվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, ինչպես նաև ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները։

Քննարկման առանձին թեմա է կազմել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի՝ Հայաստանին փոխանցման հանգամանքը։ Ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրում ամրագրված չափանիշների իրագործումից հետո նախատեսվում է ապահովել քաղաքացիների ավելի դյուրին մուտքը ԵՄ տարածք։

Նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը գործընկերության նիստի շրջանակում ներկայացրել է վիզային ազատականացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը և ապագա անելիքները։ Նա անդրադարձ է կատարել VLAP ծրագրի բոլոր չորս բաղադրիչներին, մասնավորապես՝ օրենսդրության և քաղաքականության բարեփոխումներին վերաբերող առաջին փուլի չափանիշների կատարման ընթացքին։

Ղազարյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները, ընդգծելով դրա չորս հիմնական ուղղությունների լիարժեք ներդրումը։ Նա խոսել է մարդու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման նոր մեխանիզմների մասին՝ կարևորելով նաև Փրկարար ծառայությունում իրականացվող ռազմավարական փոփոխությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովմանը, պետական կառույցների կարողությունների ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության ներառական մասնակցությանը։

Նիստի մասնակիցները կարևորել են նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի՝ փոխադրամիջոցի և կապուղիների ընդլայնման ռազմավարությունը։

Բրյուսելում գտնվելու ընթացքում Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև ԵՄ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես վիզային ազատականացման գործողությունների ծրագրին ու դրա իրականացումից բխող հարցերին, այնպես էլ նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին։

Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment