Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձել է բանակցային փաստաթղթերին։
Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Ընդհակառակը՝ գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ-ի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունն այդ թվում եղել է այն (և դուք դրա ակնարկը կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսանի նամակում), որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում, և նրան պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, սա նշանակում է, որ նաև ԼՂ-ի ադրբեջանական համայնքը:
«Իսկ, թե ԼՂ-ն ինչ կարգավիճակով կարող էր լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում՝ արձանագրված ԵԱՀԿ-ի՝ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ ԼՂ-ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից, և ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով՝ եթե լավ առաջարկ էր, ապա պետք էր ժամանակին գնալ այդ լուծումներին:
«Եթե վատ առաջարկ է եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ է եղել, և հիմա, ի վերջո, նաև ամփոփելով, ուզում եմ ասել՝ 2019 թվականի փաստաթուղթն ինքնուրույն փաստաթուղթ չէ, այն ինձ չի ներկայացվել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների նոր առաջարկ: Որպեսզի դա ապացուցվի, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է՝ «Мы президенты Азербайджана и Армении…»:
Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ: Այս փաստաթուղթը ներայացվել է ինձ՝ իմ հարցումներին, իմ շեշտադրումներին ի պատասխան, որ, լավ, այսքան փաստաթուղթ կա, հիմա ո՞րն է ամփոփ նկարագրությունը ԼՂ-ի հարցի բանակցային գործընթացի իմ՝ վարչապետ դառնալու պահին գոյություն ունեցած բովանդակությամբ»,- ասաց նա՝ եզրակացնելով, որ պատգամավորի՝ տեքստի մեկնաբանությունը կապ չունի բովանդակության հետ:
ՀՀ վարչապետը ասել է, որ․ «Այն, ինչ Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը ներկայացնում էր որպես հաղթանակ՝ ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, դա նշանակում էր (և դա թղթերից ակնհայտ երևում է) ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում, և առավելագույն զրոյից հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծում: Ինչի՞ չեք ասում դա: Դա այնքան ակնհայտ բան է, գրված է սևով սպիտակի վրա: Բացեք 3-րդ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի անվտանգության փաստաթուղթը: Այն ժամաանկ, երբ հայկական կողմը համաձայնել է ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, դա նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն նույն պահին չեղարկվել է հենց հայկական կողմից»։