3 դեկտեմբերի 2025 – 16:44 AMT
PanARMENIAN.Net – Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Նա ընդգծել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ միջազգային չափանիշների մասին է խոսքը, երբ նման պնդումներ են հնչում, գրում է «Փաստինֆոն»։
«Միանշանակ, խոսք չի գնում այն անձանց մասին, երբ իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար քաղբանտարկյալ է։ Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան և սա ասում եմ հենվելով ձեր կողմից վկայակոչվող միջազգային չափանիշների վրա»,– ասել է Գալյանը։
Նա չի ցանկացել մեկնաբանել լրագրողների հարցադրումը, թե արդյոք քաղաքական չէ որոշումը «մեր ձևով» կամ այլ արտահայտությունների համար մարդկանց ամիսներով կալանավորելը, հայտնում է Sputnik Արմենիան։
Գալյանը նշել է, որ արդարադատության նախարարությունը զուտ խափանման միջոցի կատարողն է։
Նախարարը չի համաձայնել լրագրողների դիտարկմանը, թե ընտրովի արդարադատություն է գործում, ինչպես, օրինակ, թե Վաղարշապատի, թե Գյումրու քաղաքապետները մեղադրվում են ենթադրյալ կառուպցիայի համար, սակայն մի դեպքում կալանք է կիրառված, մյուս դեպքում՝ ոչ։
«Դատարաններն անկախ են, յուրաքանչյուր դատարանն ինքն է որոշում, թե ինչ խափանման միջոց ընտրել։ Պատմության էջերը որ թերթենք, չե՞նք գտնի ՔՊ-ականներ, որոնք կալանավորվել են, հետո դատապարտվել։ Ես կողմ եմ, որ միատեսակ մոտեցում լինի մեր երկրում և կողմ եմ մեր երկրում կանխատեսելի արդարադատության չափանիշների սահմանմանը։ Այս ուղղությամբ էլ ենք որպես նախարարություն քայլեր ձեռնարկում, բայց այդ միասնական չափանիշներին կհետևե՞ն դատարանները, թե՞ չեն հետևի, ես չունեմ դրա պատասխանը»,- նշել է նախարարը։
Նա հավելել է, որ գերատեսչական շահով պայմանավորված ցանկանում է՝ մեր երկրում հնարավորինս քիչ մարդիկ կալանավորվեն։
Գալյանը նաև նշել է, որ խնդիր է տեսնում, որ կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում, միաժամանակ բացառում է, թե դատավորները քաղաքական նպատակներով են իրենց գործառույթներն իրականացնում։