3 դեկտեմբերի 2025 – 17:11 AMT
PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը, մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հարցին, նշել է, որ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո էլեկտրաէներգիայի գինը չի բարձրացել։
«Մարդիկ տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի համար վճարել են՝ առանց մեկ ցենտ ավելացման։ Շատ կարևոր ազդակ է նաև, որ մայիսին դիմել են՝ վերանայման համար, որ սակագինն իջնի, շատ գովելի փաստ է»,– նշել է Միքայելյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Շարժման մեկ այլ անդամ Գոհար Մելոյանն ավելացրել է, որ պետության, կառավարության կողմից որևէ հաշվարկ չի ներկայացվում, միայն պոպուլիստական հայտարարություններ, ի հեճուկս նրանց՝ սեփականատերերը կանխատեսելի առաջարկ են անում, անգամ մայիսին այս առաջարկը գնագոյացման հետ կապված արել են, նշվել է, որ արդյունավետ կառավարման արդյունքում է կուտակվել 3 մլրդը։
«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում` պահանջելով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։
Հոկտեմբերի 30–ին «Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2–րդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի իջեցման համար։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, ՀԾԿՀ–ն մերժել էր։ ՀԾԿՀ–ն պատասխանել է, որ ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։