3 դեկտեմբերի 2025 – 16:17 AMT
PanARMENIAN.Net – ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել աշխատանքները՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նա նաև կարևորել է Թուրքիայի դերը։
«Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է։ Նախարար Հաքան Ֆիդանի հետ մենք շարունակում ենք քննարկել ԵՄ–Թուրքիա հարաբերությունների դրական օրակարգը, և ԵՄ-ն շարունակելու է աջակցել այդ համագործակցության զարգացմանը։
Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»,– նշել է Կոսը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։