Բիզնես վարկերը կարելի է փոխանցել այլ բանկ՝ պահպանելով պետական աջակցությունը. նոր նախագիծ

e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարակված Կառավարության որշման նախագծով նախատեսվում են փոփոխություններ Արտադրողականության խթանման ծրագրում՝ հնարավորություն տալով բիզնես վարկերը տեղափոխել մի բանկից մյուսը՝ պահպանելով պետական սուբսիդավորումը։ Ծրագիրն ընդլայնվում է նաև մինչև 2026 թվականի վերջ։ Այս մասին Iravaban.netը տեղեկանում է է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարակված հիմնավորումից։

Վարկերի տեղափոխումը բանկից բանկ

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման N1 հավելվածում նախագծով լրացվում է նոր 4․1 կետ, ըստ որի տնտեսավարողը իրավունք կունենա Արտադրողականության խթանման ծրագրի շրջանակներում ստացված վարկերը տեղափոխել ծրագրում մասնակցող ֆինանսական այլ կազմակերպություն։ Այդ դեպքում սուբսիդավորումը շարունակվելու է իրականացվել սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սուբսիդավորման մնացորդային ժամկետը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող ծրագրով նախատեսված չեն դրույթներ արդեն իսկ ստացված և սուբսիդավորվող վարկերը այլ ֆինանսական կազմակերպությունների տեղափոխելու, այսինքն՝ վերաֆինանսավորելու համար։ Սա նշանակում է, որ տնտեսավարողները զրկված են ավելի մրցունակ ֆինանսական պայմաններից օգտվելու հնարավորությունից։

Փոփոխությունը նպատակ ունի ապահովել ծրագրի շահառուների համար վարկային պայմանների բարելավման հնարավորությունը և խթանել ֆինանսական հատվածում մրցակցությունը՝ հնարավորություն տալով բանկերին առաջարկել ավելի նպաստավոր վարկային պայմաններ։

Արտարժույթով սուբսիդավորման չափերի փոփոխություն

Նախագծով նախատեսվում է նվազեցնել արտարժույթով վարկի և լիզինգի սուբսիդավորման չափերը։ Արտարժույթով վարկի սուբսիդավորումը 6 տոկոսից դառնում է 4 տոկոս, իսկ լիզինգի՝ 8 տոկոսից՝ 6 տոկոս։

Դրամով վարկի և լիզինգի սուբսիդավորման չափերը մնում են անփոփոխ՝ համապատասխանաբար 6 տոկոս և 8 տոկոս։

Հիմնավորումում չի բացատրվում արտարժույթով սուբսիդավորման նվազեցման պատճառը։

Ծրագրի երկարացումը

Նախագծով «Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր» N 355-Լ որոշման 16-րդ կետում «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինվում են «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։ Այսինքն՝ ծրագիրը երկարացվում է մեկ տարով։

Ծրագրի ֆինանսական արդյունքները

Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրը մեկնարկելով 2020 թվականից, կարճ ժամանակում դարձավ տնտեսավարողների կողմից լայնորեն կիրառվող ֆինանսական գործիք։ 2025 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ձևավորվել է շուրջ 411,8 մլրդ դրամի վարկային և լիզինգային պորտֆել, որից 70 տոկոսը լիզինգ է, իսկ 30 տոկոսը՝ վարկ։

Ծրագրին ներգրավված գործընկեր ֆինանսական կառույցների թիվը ներկայումս հասել է 23-ի։

2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արդեն կատարվել են շուրջ 19 մլրդ դրամի վճարումներ, իսկ նոյեմբեր-դեկտեմբերի ամիսների համար ծախսերը կկազմեն շուրջ 4 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի տարվա կտրվածքով ձևավորվել է շուրջ 23 մլրդ դրամի ֆինանսական պահանջարկ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2020–2024 թվականներին շահառու կազմակերպությունների կողմից վճարված հարկերը աճել են միջինը 105,4 տոկոսով, առանձին մարզերում՝ մինչև 228,61 տոկոս։ Մարզերում աշխատատեղերի աճը կազմել է՝ Արագածոտնում՝ 80,07 տոկոս, Սյունիքում՝ 75,59 տոկոս, Գեղարքունիքում՝ 62,11 տոկոս։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից և հրապարակված է e-draft համակարգում հանրային քննարկման համար, – տեղեկացնում է Iravaban.netը։

Leave a Comment