Հայաստանի բնությունը՝ շուկայում. ինչպե՞ս ներկայանալ ու ի՞նչ առաջարկել զբոսաշրջիկին. «Էկոսֆերա»

Տավուշի, Լոռվա, Վայոց ձորի և Սյունիքի յոթ խոշորացված համայնքներում նոր ավարտված «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը փորձել է պատասխանել մի կարևոր հարցի՝ ինչպե՞ս կապել բնապահպանությունը, տեղական տնտեսությունը և համայնքային զարգացումը։ Վայրի բույսերի հավաքից մինչև էկոտուրիզմի կազմակերպում, նախագիծը փորձել է գտնել այն եզրերը, որտեղ մարդը կարող է ապրել բնության հետ ներդաշնակ՝ առանց վնասելու էկոհամակարգերը։

Բնապահպանության խնդիրները յուրաքանչյուր մարզում տարբեր են։ Վայոց ձորում, օրինակ, արջերի հաճախակի ներխուժումները գյուղական տնտեսություններ դարձել են լուրջ մարտահրավեր։ Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի խոսքով՝ արջերն սկսել են մոտենալ բնակավայրերին այն ժամանակ, երբ գետերի բնական կյանքը խաթարվել է ՀԷԿ-երի կառուցմամբ։

«Եթե գետը լիարժեք լիներ, կենդանին կարող էր սնունդ գտնել այնտեղ՝ ձուկ, խեցգետին, փափկամարմին։ Մարդու ազդեցությունը ստիպել է նրան շրջվել դեպի գյուղերը»,-նշում է նա։

Խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ այն փորձում են մեղմել՝ բնակավայրերից դուրս կերակրման կետեր տեղադրելով, օգտագործելով էլեկտրական հովիվներ և այլ մեթոդներ։ Բայց երկարաժամկետ լուծման համար մարզը փորձում է զարգացնել էկոզբոսաշրջությունը՝ որպես սոցիալ-տնտեսական կայունացման միջոց։

ԼԻԼԱ ծրագրի նպատակն էր բարելավել համայնքների կենսապայմանները՝ միաժամանակ պահպանելով լեռնային էկոհամակարգերը։ WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը շեշտում է՝ բնապահպանությունը հնարավոր չէ առանց սոցիալ-տնտեսական հենքի։ «Եթե համայնքին պարզապես ասեք՝ զբաղվեք բնապահպանությամբ, արդյունք չի լինի։ Մարդը պետք է ունենա ապրելու կայուն միջոց»,— ասում է նա։

Այս տրամաբանությամբ ծրագրի ներդրումներն ուղղվել են դեպի արևային էներգիա, էներգաարդյունավետություն, արոտների ենթակառուցվածքներ, բնական լանդշաֆտների կառավարման նոր համակարգեր և համայնքների կարողությունների հզորացում։

Ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը նշում է, որ մի քանի մարզային հյուրատներ արդեն ամբողջությամբ սնուցվում են արևային էներգիայով։ Էկոզբոսաշրջությունը 2026–2030 թվականների ռազմավարության հիմնական ուղղություններից է։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում կա ավելի քան 25 հազար պատմամշակութային և բնապահպանական ուղղություն, որոնք կարող են դառնալ երկրի էկոտուրիզմի հիմքը։

Ծրագիրը ֆինանսավորել է Շվեյցարիայի կառավարությունը։ ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Ուրսուլա Լաուբլին ընդգծում է, որ այն տարածաշրջանային նախաձեռնություն է և շարունակվելու է նոր նախագծերով, այդ թվում՝ գեոպարկերի ուսումնասիրությամբ։

Հայաստանը ունի չիրացված էկոտուրիզմային մեծ ներուժ։ Ճիշտ կազմակերպված մոտեցման դեպքում զբոսաշրջիկին կարող են դիմավորել ոչ միայն գեղեցիկ բնանկարները, այլև կայուն համայնքները, որոնք պաշտպանում են բնությունը՝ միաժամանակ ապրելով նրանից։

Leave a Comment