3 դեկտեմբերի 2025 – 13:36 AMT
PanARMENIAN.Net – Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, «այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու և զարգանալու անչափելի ազատություն և հրաշալի հնարավորություններ»:
Նախարարը հավելել է, որ 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքի վերջին վերլուծությունները հիմք են տվել կանխատեսելու՝ բյուջեի դեֆիցիտը տարեվերջին չի գերազանցելու նախապես կանխատեսված 5.5 տոկոսի ցուցանիշը, հայտնում է Auroranews.am-ը։
«Դրա արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ 2026 թվական մուտք ենք գործում ավելի քան վստահ՝ կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ, կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան, համոզված, որ ձեռնարկվող բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժը ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային և արդար:
Նախարարն ասել է, որ պետական բյուջեի նախագիծը վերանայվել է. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հիմնական մասն անփոփոխ է մնացել, որոշ գերատեսչություններին տրամադրվելիք գումարների մասով կան փոփոխություններ։
էկոմոնիկայի նախարարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերն են ավելացել։