E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարակված օրենքների նախագծերի փաթեթով քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգում ներդրվելու է շրջիկ սպասարկման մոդել։ Նախատեսվում է 77 համայնքային ծառայողի հաստիքները կրճատել և ստեղծել 69 քաղաքացիական ծառայողների հաստիքներ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարակված հիմնավորումից։
Ինչպե՞ս է կազմակերպվելու
Ներկայումս համայնքային սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը սահմանված է Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1531-Ն որոշմամբ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշումն անհրաժեշտ է ճանաչել ուժը կորցրած, իսկ սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկն առաջիկայում հաստատվելու է Արդարադատության նախարարի հրամանով։
Փոփոխությունների արդյունքում սպասարկման կենտրոնները կանցնեն Արդարադատության նախարարության ուղղակի ենթակայության տակ՝ ապահովելով սպասարկման կենտրոնների աշխատանքի ոչ միայն մեթոդական, այլև ամբողջական ղեկավարումը և վերահսկողությունը։
Իջևանում և Գյումրիում արդեն իսկ գործում է նոր մոդելը՝ ծառայությունները մատուցում են ԱՆ ՔԿԱԳ աշխատակիցները, որոնք քաղաքացիական ծառայողներ են։
Ծառայողների և վարձատրության փոփոխությունները
Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1531-Ն որոշմամբ սահմանված է, որ համայնքային սպասարկման կենտրոնների յուրաքանչյուր մասնագետի հաստիքի հաշվով հատկացվող գումարը 1,999.0 հազար ՀՀ դրամն է տարեկան, իսկ բարձր լեռնային բնակավայրերում՝ 2,227.2 հազար ՀՀ դրամը, որը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 100,000-120,000 ՀՀ դրամ։
Նախագծով նախատեսվում է կրճատել 77 համայնքային ծառայողի հաստիքները և ստեղծել 69 քաղաքացիական ծառայողների հաստիքներ։ 69 քաղաքացիական ծառայողների համար հատկացվող աշխատավարձը՝ ներառյալ պարգևավճարը, կկազմի շուրջ 276 միլիոն ՀՀ դրամ։
Տուրքերը
2024 թվականին ԱՆ-ի կողմից համայնքներին տրամադրվել է 156,433,200 դրամ, իսկ համայնքների կողմից հավաքագրված տուրքը կազմել է մոտ 383,991,000 դրամ։ Համայնքային սպասարկման կենտրոն դիմելու դեպքում քաղաքացիների վճարած տուրքերն ուղղվում են ոչ թե պետական, այլ համայնքային բյուջե։
Փոփոխությունների արդյունքում պետական բյուջե կուղղվի ՔԿԱԳ ծառայությունների դիմաց գանձվող միջինում շուրջ 384 միլիոն ՀՀ դրամ պետական տուրքը, կխնայվի համայնքներին տրամադրվող տարեկան 156 միլիոն ՀՀ դրամը։ Փոխարենը պետական բյուջեի միջոցների հաշվին կապահովվեն սպասարկման գրասենյակների պահպանման ծախսերը և քաղաքացիական ծառայողների աշխատավարձները։
Հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական բյուջե կարող է ապահովվել շուրջ 264 միլիոն ՀՀ դրամի չափով լրացուցիչ մուտքով։
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից և հրապարակված է e-draft համակարգում հանրային քննարկման համար, – տեղեկացնում է Iravaban.net–ը ։