Իրանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել ճանաչված կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին

Իրանում դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել ճանաչված կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին՝ «պետության դեմ քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով։ Նրան նաև երկու տարով արգելվել է լքել երկիրը և մասնակցել որևէ հասարակական կամ քաղաքական խմբի աշխատանքին։Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Փանահին դատապարտվել է իր բացակայությամբ։ Նրա պաշտպան Մոստաֆա Նիլին հայտնել է, որ որոշումը բողոքարկվելու է։ Նիլին նշել է, որ մեղադրանքը վերաբերում է պետության դեմ ուղղված գործունեությանը, սակայն այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Նա նաև ասել է, որ ռեժիսորը ներկայումս գտնվում է Իրանից դուրս։

65 տարեկան Փանահին այս տարի Կաննի կինոփառատոնում արժանացել էր գլխավոր մրցանակի իր «Սա պարզապես պատահար էր» ֆիլմի համար։ Ֆիլմում հինգ նախկին կալանավորներ քննարկում են՝ վրեժ լուծե՞լ այն մարդու նկատմամբ, ում համարում են իրենց նախկին պահակ։

Անցած ամիս ռեժիսորը եղել է Ամերիկայի մի շարք քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Թելյուրայդում՝ ներկայացնելու իր նոր ֆիլմը, որը դիտվում է որպես առաջիկա մրցանակաբաշխության հավակնորդ։ Ֆրանսիան այն ընտրել է որպես իր պաշտոնական ներկայացում արտասահմանյան լավագույն ֆիլմի անվանակարգում։

Փանահին իր կարիերայի ընթացքում բազմաթիվ միջազգային պարգևներ է ստացել։ Նրա առաջին ամբողջական ֆիլմը՝ «Սպիտակ փուչիկը», ցուցադրվել է Կաննում և պարգևատրվել լավագույն առաջին ֆիլմի մրցանակով։

2010 թվականին նրան արգելել էին ֆիլմեր նկարահանել և լքել Իրանը՝ իշխանություններին քննադատող աշխատանքների ու բողոքի ցույցերին աջակցելու համար։ Նույն թվականին նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման՝ «համակարգի դեմ քարոզչության» մեղադրանքով, սակայն բանտում անցկացրել էր ընդամենը երկու ամիս։

Հետագայում, ֆիլմ նկարահանելու արգելքի պայմաններում, նա պատրաստել էր «Սա ֆիլմ չէ» վերնագրով աշխատանքը և գաղտնի ուղարկել այն միջազգային կինոփառատոն՝ պահված թխվածքի մեջ։

2015 թվականին նա ստեղծեց «Տաքսի» ֆիլմը, որը ամբողջությամբ նկարահանված էր մեքենայում, և որտեղ ինքն էր վարորդի դերակատարումը։

2022 թվականին նրան կրկին ձերբակալել էին մի խումբ կինոգործիչների բողոքի ակցիաներին մասնակցելու համար, սակայն մոտ յոթ ամիս անց ազատ էր արձակվել։

Իրանում արվեստագետներն ու հանրային դեմքերը մշտապես վերահսկողության տակ են, իսկ իշխանություններին քննադատող ֆիլմերն ու հաղորդումները հաճախ ենթարկվում են սահմանափակումների։
Անցյալ տարի բազում մրցանակների արժանացած մեկ այլ ռեժիսոր՝ Մոհամադ Ռասուլոֆը, լքել էր երկիրը՝ խուսափելով իրեն սպասող ազատազրկումից։

Leave a Comment