3 դեկտեմբերի 2025 – 11:42 AMT
PanARMENIAN.Net – Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունները։
Խորհուրդը հայտարարել է, որ «չի կարող կիսել և դատապարտում է նրա մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»։
«Արցախի թեմական խորհուրդը հայտնում իր խոր անհանգստությունն ու մտահոգությունը՝ կապված վերջին օրերին հանրային մեծ հնչեղություն ստացած Արցախի թեմակալ առաջնորդի գործելակերպի և դիրքորոշումների հետ: Խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չի եղել, և այն չի բխել մեր միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ Բազմաթիվ արցախցիների մոտ այս քայլը առաջացրել է զայրույթ, վրդովմունք և անվստահություն, ինչը մենք լիովին հասկանալի ենք համարում։
Այս կապակցությամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։ Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել և դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները։
Թեմական խորհուրդը, վերահաստատում է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, ավանդության և ազգային արժեհամակարգի սկզբունքով։
Մենք մնում ենք հանձնառու մերժողովրդի շահերի ներկայացմանն ու եկեղեցական կարգի պահպանմանը և կարևորում ենք, որ ապագա քայլերն ու որոշումները կայացվեն փոխադարձ հարգանքի, համաձայնեցման և ներհամայնքային միասնականության հիման վրա»,– ասվում է հայտարարության մեջ։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր ստորագրությունը դրել է Արշակ Սրբազանի դեմ հնչեցված հայտարարության տակ և հետագայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ինչը ոչ միանշանակ է ընդունվել արցախցիների շրջանում։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ hաջորդ օրը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ։
«Ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում։ Արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։ Ըստ այդմ, ես եզրակացություններ արել եմ»,-ասել է Շահրամանյանը: