Սպարտակ և Վարդան Ղուկասյանների նկատմամբ նոր քրեական հետապնդում է նախաձեռնվել, նրանց դեմ հաղորդում են ներկայացրել ոստիկանության աշխատակիցները

Հակակոռուպցիոն քրեական դատարանում Մերի Մոսինյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործի քննությունը։

Դատական նիստին ներկայացրել էին հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը, պաշտպաններ Հովհաննես Ղարաքեչիշյանը, Արամայիս Հայրապետյանը, Մանուկ Մելքոնյանը, մեղադրյալներ Վարդան Ղուկասյանը, Սպարտակ Ղուկասյանը, Գևորգ Ղուասյանը, Սաշա Զաքարյանը և Արմեն Մաթևոսյանը, ինչպես նաև դատական նիստին ներկայացրել էին վկա Կորյուն Ղուկասյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ նիստի ընթացքում նախատեսված էր վկաների հարցաքննություն, այդ իսկ պատճառով նիստի տեսաձայնագրումը թույլատրվեց մասնակի։ Դատարանը թույլատրեց տեսաձայնագրումը և ուղիղ հեռարձակումը, բացառությամբ վկաների հարցաքննության։

Դատական վարույթում որպես մեղադրյալ Վարդան Ղուկասյանի պաշտպան ներգրավվեց նաև փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Դատարանը ստուգեց պաշտպանի անձը և մասնագիտական որոկավորումը հաստատող փաստաթղթերը։

Ապա դատարանը անդրադարձավ վկայի հարցաքննությանը։ Գործով որպես վկա դատարան էր հրավիրվել Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Կոլյա Ղուկասյանը։ Նա նշեց, որ եղել է Գյումրու ավագանում կազմում՝ 2005-2006 թվականների ընթացքում։ Հստակ ժամանակաշրջանը վկան չէր հիշում։ Հայտնեց, որ այդ ժամանակահատվածում մասնակցել է հողերի օտարման գործընթացին՝ մասնակցելով ավագանու համապատասխան նիստերին, սակայն ընթացակարգը չի հիշում։

Ես այդ ընթացակարգը չեմ հիշում, ես աշխատել եմ ավագանու ինչ-որ մի քանի ամիս, անցել է 20 տարուց ավել 22-23 տարի, ես չեմ կարող հիշել, ընթացակարգ, ավագանին ինչ գործունեություն է արել, ինչ է արել,- նշեց վկան։

Հանրային մեղադրողը փորձեց կոնկրետ օրինակով հասկանալ, թե ի՞նչ մասնակցություն է ունեցել վկան օտարման գործընթացին։ Նշեց, որ 240 քմ հողատարածք է օտարվել, սակայն մեղադրանքի կողմի դիրքորոշմամբ՝  այդ հողը օտարման ենթակա չի եղել և Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված է եղել փոխանցման հարցերը։

Վկան  չհիշեց նշված օրինակով իր մասնակցությունը։ Վարդան Ղուկասյանը նշեց, որ գործընթացում ավագանին կամ քաղաքապետը անելիք չունեն։

Վկայի հարցաքննության ավարտից հետո Դատարանը քննարկեց և բավարարեց միջնորդությունը՝ գործի մասնակից չհամարվող Հրաչուհի Վարդանյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ։

Նախքան նիստի ավարտը պաշտպան Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա հայտնեց, որ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում։ Պաշտպանի փոխանցմամբ, դատական նիստի ավարտին երկու ոստիկաններ սուտ մատնությամբ են հանդես եկել։

Նախաձեռնված հանրաին քրեական հետապնդումից հետո, մինչ այժմ տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է և զրկվել է ընտանիքի անդամների հետ տեսակցության հնարավորությունից։

Միջնորդությունը վերաբերում էր մեղադրյալների անվտանգության ապահովմանը։ Ի պատասխան Դատարանը հայտնեց, որ մեղադրյալների տեղափոխումը քրեակատարողական հիմնարկներից և նրանց անվտանգության ապահովումը իրականացվում է ձերբակալվածների և կալանավորվածների մասին օրենքով սահմանված կարգով, իրավասու պետական մարմնի միջոցով։ Դատարանը որևէ պարտականություն և իրավասություն չունի դատական նիստի ավարտից հետո ապահովելու մեղադրյալի անվտանգությունը։ Հետևաբար, դրա համար կան իրավասու մարմիններ, ովքեր իրականացնում են իրենց պարտականությունները։ Սուտ մատնության վերաբերյալ հայտարարությանն ի պատասխան դատավոր Մերի Մոսինյանը ասաց, որ պաշտպանական կողմը իրավունք ունի հանցագործության մասին հաղորդում տալու։

Այսպիսով դատական նիստ հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին։

Leave a Comment