ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն անդրադարձել է Liga Insurance-ի (նախկին Rosgosstrakh) վաճառքի լուրերին։ Տնտեսագետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ ավստրիական GRAWE Group-ը և C-Quadrat Investment Group-ը պատրաստվում են ձեռք բերել հայկական Liga Insurance-ի (նախկին Rosgosstrakh) բաժնետոմսերի 100%-ը: Սա, իհարկե, լուրջ իրադարձություն է մեր ապահովագրության ոլորտի համար, որտեղ որևէ այս կարգի միջազգային խաղացող ներկայացված չի եղել (ռուսական ընկերություններին չեմ համարում համարժեք խաղացողներ)։ Համեմատության համար, Վրաստանում 2011թ-ից գործում է Vienna Insurance Group-ը (ի դեմս IREO-ի), որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար ապահովագրական ընկերություններից է։
GRAWE-ն, իհարկե, Vienna Insurance Group (VIG) չի, սակայն ներկայացված է 13 երկրներում (ինչպես ներկայացված է նկարում), 2024թ-ի տարեվերջի դրությամբ ունեցել է ավելի քան 5000 աշխատակից, 2 մլրդ եվրոյի սեփական կապիտալ, 14․4 մլրդ եվրոյի ակտիվներ, իսկ 2024թ-ին 7.3 մլն ակտիվ պայմանագրերի գծով հավաքագրել է ավելի քան 1.5 մլրդ եվրոյի ապահովագրավճար։
Հետաքրքիր է, որ GRAWE-ը հայկական շուկա է մուտք գործում C-Quadrat-ի հետ, որն արդեն իսկ ներկայացված է մեր ֆինանսական շուկայում և հանդիսանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկը, ընդ որում՝ C-Quadrat-ը VIG-ի հետ համատեղ դուստր ապահովագրական ընկերություն ունի նաև Լեհաստանում։
Միգուցե, հենց C-Quadrat-ն է առաջարկել GRAWE-ին համատեղ ձեռնարկությամբ մուտք գործելու հայկական ապահովագրական շուկա, ինչը կարող է լրացուցիչ սիներգետիկ արդյունք ապահովել իր ակտիվների կառավարման բիզնեսի համար․․․ինչևէ, եթե գործարքն իրականանա (քիչ հավանական եմ համարում, որ ԿԲ-ն հավանություն չտա), կարող ենք տեկտոնական տեղաշարժեր ակնկալել մեր ապահովագրական շուկայում, այդ թվում կյանքի ապահովագրության ներդրման տեսքով․․․»։

