Արարատ ֆուտբոլային թիմին նվիրված երգն առաջին անգամ հնչեց Սունդուկյանի անվան թատրոնում, 1973թ. նոյեմբերին՝ Սովետական միության չեմպիոնի կոչման և գավաթակրի պարգևների հանձնման արարողության ժամանակ: Այս գեղեցիկ երգի հեղինակները Կոստանտին Օրբելյանն և Արամայիս Սահակայնն էին, որ հնչում էր Հայաստանի Ռադիոհեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի և Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ:
Այդ տարի՝ Նիկիտա Սիմոնյանի մարզչական տաղանդի և մեր ֆուտբոլիստների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, Արարատը հաղթեց Կիևի Դինամոյին և նվաճեց բյուրեղապակյա գավաթը՝ համայն աշխարհի հայությանն անասելի ուրախություն պարգևելով: Խաղը մեկնաբում էին Գեորգի Սարգսյանցը, Նիկոլայ Օզերովը և Վլադիսլավ Սիմյոնովը: 89-րդ րոպեն է. Լսվում է Նիլոլայ Օզերովի ձայնը՝ «Վտանգավոր պահ է…գոլ՝ 1:1, Իշտոյանը հավասարեցնում է հաշիվը: Լրացուցիչ ժամանակում՝ 103-րդ րոպեին Կիևցիների դարպասում է հայտնվում Իշտոյանի 2-րդ գնդակը. 2:1 հօգուտ Արարատի»:
Բայց մինչ 1973թվականը, 1971թ., Սովետական Միության առաջնությունում Արարատը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ 1972 թվականին գրավել էր 4-րդ տեղը: Արարատը 1975-ին կրկին նվաճեց ՍՍՀՄ գավաթը: Այս անգամ խաղն ընթանում էր Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, իսկ մրցակիցը Վորոշիլովգրադի՝ այսօր Լուգանսկ, Զարյա թիմն էր: Ի դեպ, այս խաղը դիտելու և մեր թիմին ոգևորելու համար Մոսկվա էին մեկնել հայեր աշխարհի տարբեր երկներից:
Արկադի Անդրեասյանի և Էդուարդ Մարկարովի խփած 2 գնդակների և դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի ետ մղած հակառակորդի գնդակների շնորհիվ, մեր թիմը հաղթանակ գրանցեց: 1975թ. նվաճելով գավաթը՝ Արարատը հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղերին: Եվ սեպտեմբերի 17-ին պատմական Հրազդան մարզադաշտում 1/16 –րդ խաղարկությանը 9:0 հաշվով ջախջախեց Կիպրոսի Անուրտոսիս թիմին: Պատասխան խաղի ժամանակ՝ Կիպրոսում խաղաց ոչ-ոքի՝ 1:1 և 10:1 ընդհանուր հաշվով անցավ հաջորդ փուլ:
Իսկ մինչ այդ 1974-75 ՈՒեֆայի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Արարատը հանդիպել էր Եվրոպայի գործող չեմպիոն Մյունխենի Բավարիային, որի կազմում խաղում էին ֆուտբոլային աստղեր Բեկենբաուերը, Մյուլլերը, Մայերը և այլոք։ 1975-ի մարտի 5-ին Գերմանիայում Արարատը պարտվեց 0.2 հաշվով, սակայն, մարտի 19-ին, 70.000 հանդիսականի առջև, Հրազդան մարզադաշտում Եվրոպայի գործող չեմպիոնին հաղթեց 1.0 հաշվով՝ Արկադի Անդրեասյանի գլխի աներևակայելի գեղեցիկ գոլով: Ի վերջո, մեր թիմը դուրս մնաց հետագա պայքարից, բայց Եվրոպայի գործող չեմպիոնին հաղթելը մեծագույն նվաճում էր Արարատի համար:
Ահա 1975թ., Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի «Կռունկ» երիտասարդական հաղորդումների խմբագրությունը պատրաստեց մարզական մի հրաշալի հաղորդում՝ նվիրված Արարատ ֆուտբոլային թիմին, այն վարում էին հայկական ռադիոյի հաղորդավարական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից Սոս Մայիլյանը և Լենա Կրապետյանը:
«Կռունկ» երիտասարդական հաղորդումների «մարզական կյանք» հանդեսի արտահերթ այս թողարկման ընթացքում ընթերցվել են նաև սփյուռքի մեր հայրենակիցների քաջալերական և երախտագիտական խոսքերը՝ ուղղված փառապանծ Արարատ թիմին: