ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը կցանկանար ընթրիք կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Պենտագոնի ղեկավարը այս մասին խոսել է լրագրող Քեյթի Միլլերի հետ դեկտեմբերի 2-ին հրապարակված հարցազրույցում։
Հարցին, թե ում կցանկանար ընթրիքի հրավիրել, Հեգսեթը պատասխանել է. «Այս պահին կարծում եմ՝ դա նախագահ Թրամփը, [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը և Զելենսկին կլինեն»։ «Եվ կտեսնենք, թե ինչ կստացվի», — ծիծաղելով հավելել է նախարարը։ «Դա կլինի խաղաղության ընթրիք», — բացատրել է նա։
Վաշինգտոնը նախկինում առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր։ Փաստաթուղթը զայրացրել է Կիևին և նրա եվրոպացի գործընկերներին, որոնք փորձել են էականորեն փոփոխել այն։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան խորհրդակցություններ անցկացրին Ժնևում: Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան խաղաղության սկզբնական ծրագիրը լրամշակվել է՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, և մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր:
Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի ունեցան ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ: Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության ավարտի ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցի վրա:
Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ավարտվեց Մոսկվայում: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ուկրաինական կարգավորման վերաբերյալ հանդիպումը կառուցողական և բովանդակալից էր: Կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տարածքային հարցեր, և համաձայնել են շարունակել շփումները: Ուշակովի խոսքով՝ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման հնարավորությունը կախված կլինի օգնականների, արտաքին քաղաքականության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքի միջոցով ձեռք բերված առաջընթացից: