Ճապոնիան Ուկրաինային 25 միլիոն դոլար կհատկացնի ականազերծման համար

Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի 4 միլիարդ իենի (մոտավորապես 25 միլիոն դոլար) դրամաշնորհ ականազերծման և բժշկական օգնության համար: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ այս մասին փաստաթղթեր են փոխանակվել Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Մասաշի Նակագոմեի և Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի միջև:

Ինչպես նշվել է, ճապոնական կողմը մտադիր է համագործակցել ականազերծման ոլորտում՝ տրամադրելով համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև անցկացնելով կրթական միջոցառումներ և խթանելով ճապոնական տեխնոլոգիաները։

Ճապոնիայի կառավարությունը նախկինում Ուկրաինային օգնություն է ցուցաբերել ականազերծման գործում: Օրինակ՝ ուկրաինական կողմը ստացել է չորս ALIS համակարգ, որոնք թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ ականազերծել, և 50 մետաղական դետեկտոր:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը երկու ականազերծող է ուղարկել Լիտվա, որտեղ նրանք կմասնակցեն ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը:

Leave a Comment