Անցնող 2 տարիներին Եվրոպայի խորհուրդն աջակցել է Հայաստանին՝ Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ու նրանց ինտեգրման հարցում։
Դեռ 2024 թվականի ապրիլին՝ արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել էր գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում էր 2․8 միլիոն եվրո և ներառում էր 6 բաղադրիչ՝ այդ թվում՝ աջակցություն Ղարաբաղից տեղահանված բուժաշխատողների մասնագիտական ու սոցիալական ինտեգրմանը, որի շրջանակներում շուրջ 200 բուժաշխատողներ արդեն մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող կարողությունների զարգացման դասընթացների։
Նշենք, որ Ղարաբաղից տեղահանված բուժաշխատողների կարողությունների զարգացման դասընթացները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։
Ծրագրի այդ բաղադրիչի ուշադրության կենտրոնում այս ընթացքում եղել է Ղարաբաղից տեղահանված բուժաշխատողների երկու հիմնական խնդիր՝ նրանց հոգեբանական աջակցության տրամադրումը և մասնագիտական կարողությունների զարգացումն ու ինտեգրումը։ Հենց այս հիմնական ուղղություններով էլ ընթացել են դասընթացները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուժաշխատողների շրջանում մասնագիտական այրումը առանցքային խնդիր է, իսկ արտակարգ իրավիճակներում այն առավել արտահայտիչ է դառնում, Եվրոպայի խորհուրդը՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, մշակել էր միջոցառումների շարք՝ ուղղված բուժաշխատողների հոգեբանական աջակցությանը, հիմքում ունենալով բուժաշխատողների շրջանում իրականացված նախնական կարիքի գնահատումը, որի արդյունքները փաստում էին, որ հետազոտվող խմբի 94 %-ի համար հիմնական տրավմատիկ իրադարձությունը պատերազմն է եղել, 88 %–ի համար տեղահանությունը, 62 %-ը նշել է, որ առավելապես ազդվում է առաջ եկած ֆինանսական խնդիրներից, 38 %-ը գործազրկությունից։ Հետազոտությանը մասնակցած 51 բուժաշխատողներից 24–ի մոտ ի հայտ էր եկել հոգեկան առողջության ծանր խնդիր, 9 մարդու մոտ՝ միջին ծանրության։
Հենց կարիքների գնահատման արդյունքում էլ մասնագետների կողմից կազմվել են դասընթացների ծրագրերը, որոնք ուղղված էին բժիշկ-պացիենտ արդյունավետ փոխհարաբերությունների ստեղծմանը, բուժաշխատողների մասնագիտական և համագործակցային հմտությունների ամրապնդմանը, ինչպես նաև՝ սեփական բարդ զգացմունքները կառավարելու` նրանց կարողությունների զարգացմանը:
Քանի որ աշխատանքը, ինքնադրսևորման և մարդկանց օգնելու հնարավորությունը զգալի ռեաբիլիտատիվ նշանակություն ունեն փախստական բուժաշխատողների համար, Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված հետագա դասընթացների առանցքում եղել է նրանց կարողությունների զարգացումն ու մասնագիտական բնագավառ վերադարձի աջակցությունը։
Տեղահանումից հետո շուրջ 2000 փախստական բուժաշխատողներ հայտնվել են մի նոր միջավայրում, որտեղ մասնագիտական և սոցիալական ինտեգրման ճանապարհին կան բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանք ոչ միայն հոգեբանական, լոգիստիկ և միջավայրային խնդիրներ են, այլև իրավական խոչընդոտներ․ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները ՀՀ ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան աշխատանքի թույլտվությունը հավաստող փաստաթուղթ` ՇՄԶ հավաստագիր: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար պահանջվում է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար` 160, միջին բուժաշխատողների համար` 140, դեղագործների համար` 100: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Ղարաբաղում բուժաշխատողները չեն կրեդիտավորվել՝ հակամարտության և Քովիդ համավարակի պատճառով, ինչը գործնականում անհնարին է դարձնում նրանց մասնագիտական գործունեությունը նոր պայմաններում։
Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացները ոչ միայն նպաստել են բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը, ընդլայնել նրանց մասնագիտական համագործակցության շրջանակը, այլև հնարավորություն տվել դասընթացի ավարտին կուտակել շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ, ինչը շոշափելի աջակցություն է նրանց՝ մասնագիտական աշխատանքին վերադառնալու գործում։
Կարողությունների զարգացման դասընթացները կազմված են եղել այնպես, որպեսզի հաշվի առնեն բուժաշխատողների մասնագիտական կարիքները և տան նրանց գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ առողջապահական ոլորտում հեշտ կողմնորոշվելու համար՝ ոչ միայն ազգային, այլև եվրոպական ժամանակակից չափանիշներին համապատասխան:
Եվրոպայի խորհրդի՝ միջազգային և ազգային փորձագետները բուժաշխատողներին ներկայացրել են առողջության իրավունքի և առողջապահական ծառայությունների հասանելիության, վերարտադրողական առողջության իրավունքների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, բուժաշխատողների էթիկայի կանոնների, իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների ոլորտում ազգային և եվրոպական չափանիշները, պացիենտակենտրոն հաղորդակցության, արդյունավետ ինքնաներկայացման, ինչպես նաև առողջապահական հարցերի շուրջ արդյունավետ հանրային քննարկումների առանձնահատկությունները։
Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվել մարդու իրավունքներին, քանի որ բժշկական համայնքը կարևոր դեր ունի այդ ոլորտում՝ սկսած առողջապահական ծառայությունների մատչելիությունից՝ մինչև խտրականության և անարդարության դեմ պայքարը։ Մարդու իրավունքների և էթիկական սկզբունքները կարևոր դեր են խաղում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում հաճախ հանդիպող բարդ իրավիճակներին արձագանքելու և դժվար որոշումներ իրականացնելու հարցում։
Բժշկության մեջ մարդու իրավունքների անկյունաքարային նշանակության մասին քննարկումները և այդ ուղղությամբ իրականացվող վերապատրաստումներն առավել արդիական են դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին Օվիեդոյի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը։ Կոնվենցիան առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող առաջին և դեռևս միակ միջազգային գործիքն է։
Հաշվի առնելով «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի առաջին երկու փուլերի արդյունավետ իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումները՝ Եվրոպայի Խորհուրդը առաջիկա երկու տարիներին ևս նախատեսում է շարունակել ծրագիրը՝ աջակցելով նաև Ղարաբաղի բուժաշխատողների՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ինտեգրմանը: