Այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևան–Արմավիր ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա.-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում՝ դեպի Էջմիածին տանող հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկ Մ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վարորդը նույնպես շտապօգնության հետ մեկնել է հիվանդանոց, որից հետո վերադարձել է դեպքի վայր:
Ու մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։