Զախարովան՝ Մոգերինիի ձերբակալության մասին․ «ԵՄ-ն աչք է փակում իր կոռուպցիոն խնդիրների վրա, բայց դասեր տալիս մյուսներին»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ի նախկին արտաքին քաղաքական ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի բելգիական ոստիկանության կողմից ձերբակալումը՝ հայտարարելով, որ Եվրոպական միությունը տարիներ շարունակ անտեսում է սեփական կոռուպցիոն խնդիրները, սակայն մշտապես «դասեր է տալիս մյուսներին»։

«Եվրոպական միությունում ամեն օր միլիոնավոր եվրոներ հոսում են «կոռուպցիոն խողովակներով» դեպի Կիև և այնտեղից՝ մասնավոր գրպաններ։ Սա շարունակվում է տարիներ և տեղի է ունենում բոլորի աչքի առաջ։ Ցանկացած միջազգային ճգնաժամ Բրյուսելի համար դառնում է շահույթի աղբյուր՝ COVID-19-ի համավարակից մինչև ուկրաինական պատերազմ։ Իսկ սեփական խնդիրները նրանք չեն տեսնում, փոխարենը մշտապես խրատներ ու դասեր են տալիս ուրիշներին»,– նշել է Զախարովան՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում։

Agence France-Presse-ի տվյալներով՝ Ֆեդերիկա Մոգերինին բելգիական ոստիկանությունը բերման է ենթարկել ԵՄ դիվանագիտական ծառայությունում կոռուպցիայի և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական նախագծերի տենդերներում հնարավոր քրեական խախտումների գործով ընթացող քննության շրջանակում։

Ըստ ԵՄ կառույցների՝ բելգիական իրավապահները երեք անձի են ձերբակալել՝ խուզարկություններ իրականացնելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) բրյուսելյան շենքում, Եվրոպայի քոլեջում (Բրյուգե) և մի շարք մասնավոր բնակարաններում։

Leave a Comment