🎥 Ուրարտու ՖԱ-ն նոր մարզադաշտ կունենա. հայտնի է նախագծման մրցույթի հաղթողը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է նոր մարզադաշտի կառուցման ծրագրի մեկնարկի և ճարտարապետական նախագծի մշակման մրցույթի (տենդերի) արդյունքները։

Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կայացած միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ հաղթող է ճանաչվել կառուցապատման ոլորտում մասնագիտացած «Gravity Project Management & Construction» ընկերությունը։ Վերջինս արդեն իսկ ներկայացրել է մարզադաշտի ճարտարապետական կոնցեպտը, որը դիտարկվում է որպես ակումբի ապագա տեսլականի մաս։

Հաղթողին որոշող ժյուրիի կազմը եղել է ներկայացուցչական. դրանում ընդգրկված են եղել «Ուրարտու» ՖԱ-ի նախագահը, գործադիր տնօրենը և ենթակառուցվածքների գծով տնօրենի տեղակալը։ Մասնագիտական գնահատականն ապահովելու նպատակով քվեարկությանը մասնակցել են նաև ՀՀ Ճարտարապետների պալատի, Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամներն ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Միջոցառման շրջանակում «Նաիրի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Սարդարյանը հաղթող ընկերությանը հանձնել է համապատասխան վկայականը՝ պաշտոնապես ազդարարելով համագործակցության և նախագծման աշխատանքների մեկնարկը։

Նշվում է, որ նոր մարզադաշտը նախատեսվում է կառուցել ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգի չափանիշներին համապատասխան։ Այն հագեցած կլինի բոլոր անհրաժեշտ ժամանակակից հարմարություններով և կապահովի միջազգային ստանդարտներին համահունչ բարձր որակ։

Leave a Comment