2 դեկտեմբերի 2025 – 18:02 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԲրյուսելումԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի,ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախորդ հանդիպումից հետո այս ձևաչափով համագործակցությունն անցել է կարևոր փուլ, որի ընթացքում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները զարգացել են ոչ միայն ՍԵՊԱ-ի հիմքով, այլև դրանից էլ ավելի լայն չափանիշներով ու նոր ուղղություններով։
«Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների զարգացումը, նոր նվաճումները երբեմն ավելին են, քան այս ամենը ֆորմալացնելու մեր կարողությունը: Այս գործընթացքում ամբողջ ընթացքում մենք գնահատում ենք ԵՄ աջակցությունը և շնորհակալ ենք, որ օգտագործել են մի շարք գործիքներ, այդ թվում՝ որոնք մշակվել են անդամակցության թեկնածու երկրների համար»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
ԱԳ նախարարը ներկայացրել է համագործակցության մի քանի առանցքային ուղղություն՝ ընդգծելով դրանցում գրանցված առաջընթացը։
«1. Մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար մենք սկսել ենք վիզայի ազատականացման գործընթացը և տեսնում ենք դրա առաջընթացը գործողությունների ծրագրի միջոցով, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակություն և կհասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության:
2.Անվտանգության և պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցություն: Օգնության առաջին մասն Հայաստանն արդեն ստացել է խաղաղության գործիքի շրջանակում: Դա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար: Բարձր ներկայացուցիչ Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ, խոսեցինք նաև Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը միանալու մասին: Անվտանգությունը կամ պաշտպանությունը կարևոր ուղղություն է մեր համագործակցության համար:
3․Տնտեսությունը և բարեփոխումները: Դիմակայունության և աճի ծրագիրը չափազանց կարևոր է բարեփոխումների համար, տարբեր ոլորտներում համագործակցության համար և ռազմավարական ոլորտներում ներդրումներն ավելացնելու համար: Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը է՛լ ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը, այդ թվում՝ նոր հիբրիդային սպառնալիքների լույսի ներքո:
4.Կապակցվածությունը: Ավելի հզոր կապակցվածության Հայաստանի տեսլականը ոչ միայն համապատասխանում է ԵՄ գլոբալ դարպասի և Սևծովյան ռազմավարությանը, մենք խոսել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին, մենք նաև քննարկել ենք ակտիվ աշխատանքը TRIPP ծրագրի իրականացման ուղղությամբ, և Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել: Լրացուցիչ պոտենցիալ քայլերը, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոխել ամբողջ տարածաշրջանի տնտեսական և քաղաքական ճարտարապետությունը»,- ասել է Միրզոյանը։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն իր հերթին ասել է, որ ընթացիկ փուլում ԵՄ-ն և Հայաստանը համագործակցում են վիզաների ազատականացման ուղղությամբ։ Կոսը շեշտել է, որ ծրագիրն արդեն փոխանցվել է կողմերին:
Ըստ Մարթա Կոսի՝ այս գործընթացը մեծ կարևորություն ունի, քանի որ նպաստում է մարդկանց միջև կապերի ամրապնդմանը։
«Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև շատ հայեր են ապրում ԵՄ երկրներում, և մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ավելի սահուն կերպով գալ ԵՄ երկրներ՝ այցելելու իրենց ընտանիքներին ու բարեկամներին»,- ասել է Կոսը։
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակել է իր կենտրոնացումը Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների լուծման վրա։
ԵՄ հանձնակատարը նշել է, որ կատարվում են քայլեր տրանսպորտային զարգացման, թվային ու էներգետիկ կապերի ձևավորման ուղղությամբ։
Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։