Օրենսդրական նախաձեռնության ընդունումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը

Նախատեսվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաեւ աճուրդի էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ դրույթները:

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ դեկտեմբեր 2-ի հերթական նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների՝ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները կսահմանի Կառավարությունը:

Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Նշվել է, որ էլեկտրոնային աճուրդները թույլ կտան օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու: Այն կնվազեցնի լրացուցիչ ծախսերն ու վարչարարությունը:

«Գնահատման գործունեության մասին» օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կիրառել գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:

Արմեն Սիմոնյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները կադաստրային արժեքի փոփոխության, տարածագոտիավորման շուկայական մոտարկված արժեքի վերաբերյալ:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարեւորել է բոլոր տեսակի մրցույթներն առցանց իրականացնելու անհրաժեշտությունը:

Եզրափակիչ ելույթում Արմեն Սիմոնյանը պատասխանել է ելույթներում բարձրացված հարցերին եւ դիտարկումներին:

Leave a Comment