
Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվայում են՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր ճանապարհի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու նպատակով։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով 18․00-ին։
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերջ դնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամահացու հակամարտությանը, սակայն նրա մինչ այժմ գործադրած ջանքերը, այդ թվում՝ օգոստոսին Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումները, դեռևս խաղաղություն չեն բերել, նշում է Reuters-ը։
ԱՄՆ-ի առաջարկած և Ռուսաստանի հետ համատեղ մշակված սկզբնական խաղաղության ծրագիրը բաղկացած էր 28 կետից։ Այն մեծ մասամբ արտացոլում էր Մոսկվայի դիրքորոշումը և ներառում էր Կիևի համար անընդունելի պահանջներ՝ Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքների անեքսիայի ճանաչում, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակում և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարում։
Ժնևում Ուկրաինայի և եվրոպական գործընկերների հետ անցկացված խորհրդակցություններից հետո փաստաթուղթը ենթարկվել է լուրջ փոփոխությունների։ Ծրագրի վերջնական տարբերակը հանրայնացված չէ, սակայն Կիևն ու Վաշինգտոնը հայտարարում են, որ բանակցություններում «զգալի առաջընթաց» կա։