Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վրաստանի կառավարության հարաբերությունները լարվել են ոչ միայն Արևմուտքի, այլև Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Սահակաշվիլիի պնդմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանի իշխանություններին խնդրել է սահմանափակել այն վրացական հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք վերջին ամիսներին տեղափոխվել են Երևան։ Նրա խոսքով՝ նախկինում Վրաստանում արևմտյան ֆինանսավորմամբ անցկացվող բազմաթիվ համաժողովներ այժմ տեղափոխվել են Երևան, և դա զայրացրել է Թբիլիսիի իշխանություններին։
«Կոբախիձեն պահանջում է, որ Հայաստանը կտրի վրացական ՀԿ-ներին Երևանից և փակի նրանց հաշվեհամարները»,– գրել է Սահակաշվիլին։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պատասխանել է, որ Հայաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենք չկա, հետևաբար չկա որևէ հիմք երկարաձգելու կամ սահմանափակելու վրացական ՀԿ-ների գործունեությունը։
Սահակաշվիլին նշել է, որ դրան ի պատասխան Կոբախիձեի կառավարությունը Հայաստանին սպառնացել է բեռնափոխադրումների սահմանափակումներով․
«Կոբախիձեն այժմ սպառնում է Երևանին բեռնափոխադրումների արգելքներով»,– գրել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Վրաստանը խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար՝ բեռնափոխադրման գործընթացում։ Սահակաշվիլիի խոսքով՝ ադրբեջանական մամուլում այս զարգացումները կապում են Ռուսաստանի ազդեցության հետ՝ հիշեցնելով Կիևում Ադրբեջանի դեսպանատան ռմբակոծումը և դրանից հետո Բաքվի դժգոհությունը։