Ավանեսյան․ Մեծահարուստները կկարողանան նվիրատվություններ կատարել առողջության ապահովագրության հիմնադրամին

Ավանեսյան․ Մեծահարուստները կկարողանան նվիրատվություններ կատարել առողջության ապահովագրության հիմնադրամին

2 դեկտեմբերի 2025 – 17:15 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ–ում քննարկման ժամանակ ասել է, որ առողջության ապահովագրության հիմնադրամը նախատեսվում է կառուցել այնպես, որ այն ունենա նաև նվիրատվություններ և ֆանդրեյզինգի միջոցով լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություններ։ Նա այդպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե «Զինապահ» հիմնադրամը հավելյալ գումարներ է հավաքում նվիրատվությունների տեսքով։

Նախարարը նշել է, որ նման մոդելներն ընդունված են միջազգային պրակտիկայում, հայտնում է «Փաստինֆոն»։

«Երբ 2021-ին պետությունը կարիք ուներ, որ քաղաքացին կանգնի զինծառայողի կողքին և այդ կարիքները բավարարելու համար հավելյալ գումարներ վճարի, քաղաքացին իր պարտականությունը իրականացրել է։ Այսօր «Զինապահ» հիմնադրամում կուտակված միջոցների և հաջորդիվ վճարվելիք գումարների հաշվին հիմնադրամը լիարժեք և միանշանակ կատարելու է իր պարտավորությունները։

Բայց ցանկացած պարագայում նման հիմնադրամները պետք է ունենան ֆանդրեյզինգի և նվիրատվությունների հնարավորություններ։ Մեր առողջության ապահովագրության հիմնադրամն էլ ունենալու է նման հնարավորություն, որպեսզի մեծահարուստները կարողանան նվիրատվություններ կատարել որոշակի առանձնահատուկ դեպքերի ծախսերը հոգալու համար»,– նշել է նախարարը։

Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյոք արդեն սահմանվել են այն հիվանդությունները, որոնց համար քաղաքացիներն իրավունք կունենան ստանալ բուժօգնություն՝ ապահովագրական փաթեթի շրջանակում։

Ավանեսյանն արձագանքել է, որ համապատասխան ցանկերը կազմվել են։

«Ցանկերը գոյություն ունեն, և հենց այսօր դրանց նախագծերը կհրապարակենք։ Դրանք նախագծեր են, որոնք պետք է հաստատվեն կառավարության կողմից։ Ինչպես ենք կատարել ակտուարական հաշվարկները․ վերցրել ենք հիվանդացության հիմնական բեռը ձևավորող հիվանդությունները՝ սրտանոթային հիվանդություններ, չարորակ ուռուցքներ, շաքարային դիաբետ։ Հաջորդիվ գալիս են անհետաձգելի բուժօգնության դեպքերը՝ տրավմաներ, շտապօգնություն և այլն։ Ամբողջացրել ենք այս ցանկը, դրա համար մշակված են գործելակարգեր, հրապարակված են ալգորիթմները՝ ինչ ենք ֆինանսավորում, ում համար և ինչ վիճակագրական տվյալների հիման վրա։ Այդ հիմքով էլ կատարվել են ակտուարական հաշվարկները»,– ասել է Ավանեսյանը։

Խաչատրյանի մյուս հարցին՝ ինչպես է որոշվելու, թե հիվանդը որ բժշկական կենտրոն պետք է գնա, նախարարը ներկայացրել է գործելու հիմնական սկզբունքը՝ ըստ դեպքի բնույթի։

«Փոխհատուցման գները որոշել է պետությունը․ մենք ենք սահմանում այն արժեքները, որով ծառայությունները ձեռք ենք բերելու։ Մենք ասում ենք․ հարգելի ԲԿ-ներ, պատրաստ ենք այս պայմաններով և այս գործելակարգերով ձեռք բերել ծառայություններ այս արժեքով այս խմբի անձանց համար։ ԲԿ-ները, ապահովագրական հիմնադրամի հետ պայմանագիր կնքելով, սպասարկելու են ապահովագրական դեպքերը։ Գոյություն ունի երկու ճանապարհ․

Անհետաձգելի բուժօգնություն – երբ մարդը անմիջապես դառնում է հիվանդանոցային դեպք, բացվում է ապահովագրական դեպքը, այն սպասարկվում է, ավարտվում է, և ԲԿ-ն ստանում է փոխհատուցում։

Պլանային բուժօգնություն – մարդը այցելում է իր կցագրված պոլիկլինիկա, ստանում է բաց ուղեգիր և ինքն ընտրում, թե որ ԲԿ-ում է ուզում ստանալ ծառայությունը»,–ասել է նախարարը։

Ապահովագրության առաջին փուլում ընդգրկվելու են մի քանի խումբ քաղաքացիներ՝ մինչև 18 տարեկանները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամության կարգ կամ ֆունկցիոնալության գնահատական, ինչպես նաև սոցիալապես անապահով 28 և ավելի միավոր ունեցող անձինք։

Leave a Comment