Լա Լիգան կոռումպացված է․ Ռեալի հեռուստաալիքը քննադատել է մրցավարների աշխատանքը

Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը սուր քննադատության է ենթարկել մրցավար Դե Բուրգոս Բենգոեչեայի աշխատանքը Լա Լիգայի 14-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղից հետո, որն ավարտվել է 1։1 հաշվով։

Marca-ի փոխանցմամբ՝ Real Madrid TV-ն մասնավորապես հայտարարել է.

«Դե Բուրգոսը կոպիտ և չհիմնավորված սխալներ թույլ տվեց «Ժիրոնայի» դեմ խաղում։ Նա այն մրցավարներից է, ով ամենաշատն է վնասել թիմին։ Լա Լիգան կոռումպացված է։ Դե Բուրգոսը «Ռեալի» դեմ ամենաաղաղակող վիճակագրությունն ունեցող մրցավարներից է։

Խնդիրն այն է, որ VAR-ը չի կանչում մրցավարին։ Այդպես եղավ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում, այդպես եղավ նաև «Ժիրոնայի» դեպքում։ Նույնը կատարվում էր անցյալ տարի, երբ «Ռեալը» 6 միավորով առաջ էր «Բարսելոնայից»։ Եղան միջադեպեր «Էսպանյոլի» և «Օսասունայի» հետ խաղերում… և դա կրկնվում է այս տարի։ Անկախ նրանից, թե ինչպես է խաղում «Ռեալը», փաստն այն է, որ մրցավարները խոչընդոտում են ակումբին, որոշում կայացնողները անգործության են մատնված, իսկ ղեկավարությունն արդարացնում է դա»։

Մադրիդյան ակումբը բողոք է ներկայացրել խաղավերջում՝ 1։1 հաշվի ժամանակ, Ռոդրիգոյի նկատմամբ կատարված խախտման համար 11-մետրանոց չնշանակելու կապակցությամբ։ Բրազիլացին տուգանային հրապարակում բախվել էր «Ժիրոնայի» հարձակվող Խոել Ռոկայի հետ և հայտնվել խոտածածկին։

Իսպանիայի առաջնության 14 տուրից հետո «Ռեալը» 33 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատարը «Բարսելոնան» է՝ 34 միավորով։

Leave a Comment