2 դեկտեմբերի 2025 – 15:15 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովում քննարկել է էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծողներին 1 տարով ԱԱՀ-ից ազատման արտոնության երկարաձգման նախագիծը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն, և փորձաքննության կարիք չի լինի։
«Այս հարցի լուծումն առաջիկա օրերի ընթացքում կլինի»,- տեղեկացրել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Ըստ Թունյանի՝ տեղեկություն է տարածվում, որ քանի որ ԱԱՀ-ի արտոնությունը կիրառվելու է միայն մինչև 2 տարվա հնության մեքենաների համար, հետագայում, եթե 3-5 տարվա վաղեմության իր էլեկտրամոբիլը մարդը վաճառի, ապա ԱԱՀ է վճարելու:
«Ուզում եմ ասել՝ նման բան չկա, և ԱԱՀ, ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ ոչ միայն էլեկտրամոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա, չի կիրառվում»,-ասել է նա։
Նա նշել է նաև, որ մի շարք քաղաքացիներ արդեն իսկ պատվիրել են ավտոմեքենաները՝ չիմանալով, որ արտոնությունը վերաբերելու է միայն երկու տարուց ոչ ավելի հին մոդելներին։
«Երրորդ կարևոր բանը. մեզ շատ քաղաքացիներ դիմում են, ասում են՝ մենք արդեն մեքենաները պատվիրել ենք, դրանք արդեն ճանապարհին են, չգիտեինք, որ 2 տարվա սահմանափակում է լինելու։ Պարոն Պապոյանը ճիշտ է ասում, որ իրենց ոչ ոք չէր խոստացել, որ այս արտոնությունը երկարաձգվելու է, բայց ամեն դեպքում մարդիկ, դատելով մեր ուղերձներից, ենթադրել են, որ նույնկերպ այդ արտոնությունը շարունակվելու է, և արդեն մեքենաներ են պատվիրել»,– նշել է Թունյանը։
Նրա խոսքով՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը կփորձեն ուսումնասիրել՝ արդյոք հնարավոր կլինի լուծում առաջարկել այն մեքենաների համար, որոնք արդեն ճանապարհին են և 2 տարուց հին են։