Սա հարված է մեր պետությանը, հայկական ծանրամարտին և սպորտին․ Փաշիկ Ալավերդյան

Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին և սպորտին, News.am-ի հետ զրույցում հայտարարել է Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից իր հեռացումը:

Նա ֆեդերացիայի որոշումն անվանել է անձնական խնդիրներով պայմանավորված։ Ալավերդյանն ընդգծել է, որ 52 տարի հայկական ծանրամարտում է, որից 28-ն անցկացրել է բարձր մակարդակով՝ Օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ:

«Վերջին 18-19 տարիներին անձնական աշխատանք եմ տարել հավաքականի հետ: Այսքան նվիրում սպորտին, բարձր արդյունքներ, մեծ նվաճումներ բերած մարդուն այսօր հեռացնում են պաշտոնից վատ աշխատանքի համար: Ասպարեզից հեռացնում են մարդու, ով կարող է պատրաստել Օլիմպիական չեմպիոնի»,- ասել է նա։ 

Անդրադառնալով իր հեռացման մասին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հայտարարությանը, մարզիչը նշել է, որ ֆեդերացիան իրեն շնորհակալություն է հայտնում, բայց ինքը նույնը չի կարող անել:

«Ամեն ինչ արվեց, որպեսզի վերջին մրցումներում ձախողում լինի, կարողացա անել այնպես, որ  ձախողում չլինի: Խոսքն այս աշխարհի առաջնության մասին էր, երբ 8 ոսկե մեդալից մեկը բերեցի Հայաստան, որտեղ մասնակցում էր 117 պետություն: Ամբողջ Եվրոպայից միայն մենք ու Բուլղարիան ենք երկամարտի ոսկե մեդալ նվաճել, ուրիշ ոչ մեկը: Մյուս երկրներն էլ պիտի հեռացնեն իրենց գլխավոր մարզիչներին: Եվրոպայի 46 պետություն է մասնակցել աշխարհի առաջնությանը, մենք ու Բուլղարիան ենք չեմպիոններ ունեցել: Մնացած 44-ին պիտի հեռացնե՞ն։ Ես էլ շնորհակալ եմ, որ ձեզանից պրծա»,- ասել է նա։ 

Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Հայաստանի երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում հռչակվել էր աշխարհի կրկնակի չեմպիոն։ 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել։ 71 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում արժանացել էր փոքր արծաթե մեդալի։

Leave a Comment