«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով որոշ ժամանակ տրամադրել հոգեբանորեն վերականգնվելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբը ընդառաջել է ֆուտբոլիստին և տրամադրել լրացուցիչ հանգիստ, քանի որ Արաուխոյին համարում է թիմի կարևորագույն մասնիկը և ցանկանում է նրան տեսնել օպտիմալ մարզավիճակում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյահոգեբանական առումով։ Այս պահին հայտնի չէ, թե որքան կտևի պաշտպանի արձակուրդը։
Նշվում է, որ ուրուգվայցի խաղացողը ֆիզիկական խնդիրներ չունի։ Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում (0:3) Արաուխոն հեռացվել էր խաղադաշտից, ինչից հետո ենթարկվել էր երկրպագուների սուր քննադատությանը։
Ամենայն հավանականությամբ, հենց այս հանգամանքն էլ բացասաբար է ազդել ֆուտբոլիստի հոգեվիճակի վրա։ «Բարսելոնայի» ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնել Արաուխոյին: