ՅՈւՆԵՍԿՕ-ում ընդունվել է ՀՀ հեղինակած բանաձևը մշակութային ժառանգության թվային պաշտպանության մասին

ՅՈւՆԵՍԿՕ-ում ընդունվել է ՀՀ հեղինակած բանաձևը մշակութային ժառանգության թվային պաշտպանության մասին

2 դեկտեմբերի 2025 – 12:59 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 1-ին Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Կոնվենցիայի 136 անդամ-պետությունները միաձայն ընդունել են Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևը:

Բանաձևում կարևորվում է հակամարտությունների ընթացքում և հետհակամարտային շրջանում նոր ու զարգացող տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանման, պաշտպանության, փաստագրման և մշտադիտարկման գործում:

Փաստաթղթում կոչ է արվում ՅՈւՆԵՍԿՕ-ին նպաստել միջազգային համագործակցությանը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում նշյալ տեխնոլոգիաների լայն կիրառմանը և ընդգծվում է ինստիտուցիոնալ ու փորձագիտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Բանաձևի նպատակն է ամրապնդել ՅՈւՆԵՍԿՕ-ի գործիքակազմը՝ միավորելով իրավունքը, նորագույն տեխնոլոգիաները, ստեղծագործ միտքը և համագործակցությունը՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը, պահպանմանը և վերականգնմանը։

Այս նախաձեռնությունը վերահաստատում է ՀՀ հանձնառությունը մշակութային ժառանգության պաշտպանությանը և ՅՈւՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև 1954թ. Հաագայի կոնվենցիայի նպատակների առաջմղմանը:

44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղում ոչնչցավում է ամեն հայկականը՝ հիմնահատակ ավերվում են ամբողջական գյուղեր, ինչպես, օրինակ, Քարին տակը, ամբողջ թաղամասեր, ինչպես Ստեփանակերտում՝ պետական կառույցներն ու բնակելի տներն իրենց գույքով, որոնց համար ոչ մի արցախցի փոխհատուցում չի ստացել։ Ավերվում են հայկական եկեղեցիներն ու վանքերը, ջնջվում են հայալեզու արձանագրությունները, իսկ այն դեպքերում, երբ դա չի հաջողվում, դրանք հռչակվում են աղվանական։

Leave a Comment