Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում դեկտեմբերի 2-ին կայանալիք գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով կստորագրեն գործընկերության ռազմավարական օրակարգը։
Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
Գործընկերության նոր օրակարգը կստորագրեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։
Նրա խոսքերով՝ կկայանա Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը, որի ժամանակ կընդունվի Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգը, որը լինելու է գործողությունների պլան, ճանապարհային քարտեզ։
ԵՄ պաշտոնյան մանրամասնել է, որ այն ներառելու է աջակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուտների ուժեղացմանը։ Գործընկերության նոր օրակարգը ներառելու է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում։
Միաժամանակ Կոսը վստահեցրել է, որ աջակցելու են ՀՀ-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու հարցում։

