Նա գիտի, որ ես չեմ փորձում լինել նրա նման․ Յամալ — Armsport.am

«Բարսելոնայի» հրաշամանուկ Լամին Յամալը պնդում է, որ չի ձգտում դառնալ «երկրորդ Լիոնել Մեսսի»՝ հոգնելով արգենտինացի լեգենդի հետ մշտական համեմատություններից։ Այդ քննարկումներն անխուսափելի էին, քանի որ երկուսն էլ դուրս են եկել «Լա Մասիա» ակադեմիայից, սակայն իսպանացի պատանի գերաստղը վճռական է տրամադրված՝ կերտելու սեփական ուղին և ստեղծելու նոր ժառանգություն։

Յամալը մեծ ֆուտբոլ մուտք գործեց 15 տարեկանում, և «Բարսելոնան» չէր կարող զսպել նրա անհավանական տաղանդը։ Այդ պահից ի վեր ռեկորդները թարմացվում են․ 18-ամյա իսպանացին արդեն Լա Լիգայի չեմպիոն է և Եվրոպայի գավաթակիր։

Նա նվաճել է նաև «Kopa Trophy» և «Golden Boy» մրցանակները, իսկ 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Սպասվում է, որ շուտով նա կունենա իր սեփական «Ոսկե գնդակը»՝ սկսելով հետապնդել Մեսսիի՝ 8 նմանատիպ մրցանակների պատմական ռեկորդը։

Այնուամենայնիվ, Յամալը պնդում է, որ չի փորձում կրկնօրինակել «Բարսայի» մեծագույն խաղացողին։ CBS-ի հետ զրույցում նա նշել է.

«Կարծում եմ՝ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա նաև գիտի, որ ես լավ խաղացող եմ։ Եթե խաղանք իրար դեմ, փոխադարձ հարգանք կլինի։ Նա գիտի, որ ես չեմ փորձում լինել նրա նման, խաղալ նրա պես կամ կրել 10 համարի մարզաշապիկը նրա նման։ Ես ուզում եմ գնալ իմ ճանապարհով»։

Թեև Յամալը չի ​​ձգտում կրկնօրինակել Մեսսիին, նա խոստովանում է, որ ոգեշնչվել է նրանից.

«Երբ փոքր էի, ուսումնասիրում էի Մեսսիի փոխանցումները։ Մյուս խաղացողները լավ փոխանցումներ էին կատարում, բայց Մեսսիի փոխանցումները գրեթե գոլեր էին դառնում։ Ես միշտ մտածել եմ, որ փոխանցումներն ավելի հետաքրքիր են, քան դրիբլինգը. դրանք ինչ-որ չափով ավելի խելացի են։ Տարօրինակ է, որովհետև մանուկ հասակում ես երբեք դրիբլինգի վարպետ չեմ եղել, ավելի շատ ռմբարկու էի և շատ էի վազում»։

Այժմ Յամալը կարողանում է հեշտությամբ շրջանցել պաշտպաններին, ճիշտ այնպես, ինչպես Մեսսին։ Ապագան պայծառ է, բայց տաղանդավոր երիտասարդը պնդում է, որ չի տարվելու իր շուրջ ստեղծված աղմուկով.

«Ես ակնկալիքներ չունեմ։ Ես պարզապես մտածում եմ խաղալու մասին, այլ ոչ թե ակնկալիքներ սահմանելու։ Կարծում եմ՝ սպասելիքներն ի վերջո վատ են անդրադառնում. երբ արդարացնում ես դրանք, կարող է թվալ, թե այլևս նպատակներ չեն մնացել, իսկ երբ չես արդարացնում, կարող ես հիասթափվել։ Ֆուտբոլ խաղալը միակ բանն է, որ ստիպում է ինձ մոռանալ մնացած ամեն ինչ։ Կարող եմ ունենալ մեծագույն խնդիրներ, բայց եթե խաղ ունեմ, դա միակ բանն է, ինչի մասին մտածում եմ»։

Խոսելով ռեկորդների մասին՝ Յամալն ավելացրել է.

«Իմ նպատակը բոլոր ռեկորդները գերազանցելը չէ, միլիոնավոր գոլեր խփելը կամ միլիոնավոր խաղեր անցկացնելը չէ։ Ես մարզիկ եմ, որն ուզում է հաճույք ստանալ։ Հուսով եմ՝ երեխաները կուզենան նմանվել ինձ։ Ի վերջո, նպատակն այն է, որ մարդիկ վայելեն խաղը և ֆուտբոլային շոու տեսնեն»։

Յամալը շարունակում է ոտքի հանել հանդիսատեսին։ Երկուսն էլ՝ նա և Մեսսին, սիրում են գնալ մրցակիցների վրա և վախ չունեն սխալվելուց։

«Եթե իմ առջև երեք խաղացող եմ տեսնում, ես գնում եմ նրանց վրա։ Ես մեծ ինքնավստահություն ունեմ, և դա իմ խաղաոճն է։ Նույնիսկ եթե խլեն գնդակը, ոչինչ, պատահում է։ Ես շատ տարբեր խաղացող կլինեի, եթե կանգ առնեի ամեն անգամ, երբ տեսնեի երկու կամ երեք պաշտպանի»։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 7 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ 

Leave a Comment