Բժշկական ապահովագրությունը նպատակային հարկ է. Պարսյանը՝ կառավարության ծրագրերի, սպասվող գնաճի մասին

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ազդող հիմնական գործոններից մի քանիսին՝ ավտովառելիքի շուկայում գրանցվող գնային փոփոխություններին, բենզինի, դիզվառելիքի և, հատկապես, հեղուկ գազի գների վրա ազդող օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններին, որոշ սպեկուլյացիաների հավանականությանը։

Նրա խոսքով՝ հեղուկ գազի գնի վրա էական ազդեցություն է թողնում Վերին Լարսի անցակետի փակ կամ բաց լինելը, որը սպեկուլյացիայի առիթ է տալիս։

«Նույնիսկ եթե երկու-երեք օր փակվում է, բնական պայմաններում, մենք ունենք այդքան վառելիք այստեղ, բայց սպեկուլյանտները բարձրացնում են գները, խուճապային տրամադրություն ստեղծելով վառելիքի կայանների մոտ, և դա ազդում է»,- նշել է տնտեսագետը։

Նա նաև անդրադարձել է սննդամթերքի, հատկապես, մսամթերքի ու կաթնամթերքի թանկացումների պատճառներին։
Ըստ Պարսյանի՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների մոտավորապես 5.2% գնաճ, որը բավականին բարձր ցուցանիշ է։

Տնտեսագետը խոսել է նաև քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի, առողջապահական ոլորտում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումով առաջացող ռիսկերի և էլեկտրամատակարարման բնագավառում առկա վիճակի մասին։

Ըստ նրա՝ պետությունը հեղինակազրկել է հայտարարագրման կարևորագույն գործընթացը և կփորձի դրան վերադառնալ 2026 թվականի ընտրություններից հետո։ Պարսյանը նաև «նպատակային հարկ» է անվանել առողջապահության պարտադիր հայտարարագրումը։

ՀԷՑ-ի հետ կատարվողը, ըստ նրա, կապված է ոչ թե տնտեսական արդյունավետության բարձրացման, այլ քաղաքական հաշվարկների հետ։

«Գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ը մեծ թվով աշխատողներ, ցանց ունի ամբողջ հանրապետության տարածքում։ Մշտապես տարբեր իշխանությունների կողմից ՀԷՑ-ը դիտարկվել է որպես ընտրությունների վրա ազդող գործոն և նրանք էլ փորձում են այդ գործիքը իրենց ձեռքում ունենալ»,- հավելել է տնտեսագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment