Պառակտիչ և զրպարտելի․ Արագածոտնի թեմի առաջնորդը դատապարտել է մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործողությունները

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ, կալանքի տակ գտնվող եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը դատապարտել է Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հոգևորականների հայտարարություններն ու գործողությունները, որոնք նախկինում պահանջել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նա նրանց գործողությունները« պառակտիչ և զրպարտելի» է անվանել։

«Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան»,- շեշտել է Մկրտիչ սրբազանը։

Նա հիշեցրել է, որ Վեհափառ Հայրապետը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է, այլ նաև հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին։

«Մոռացվել է, որ Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ՝ աստվածահիմն սուրբ մարմին։ Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ, ոչ էլ՝ իշխանահաճո շահերի սպասարկու»,- նշել է նա։

Մկրտիչ սրբազանը կոչ է արել սթափվել և հիշել, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է Եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։

Leave a Comment