Միջազգային ասպարեզում Հայաստանը կորցրեց շատ լուրջ խաղաթուղթ, որը կարող էր օգտագործել. Միջազգայնագետը՝ Մինսկի խմբի լուծարման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Մինսկի խումբը պաշտոնապես լուծարված է, ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների ավարտը, այդ մասին հայտարարել է կառույցը: Ի՞նչ հետևանքներ է ունենալու այս իրողությունը հայկական կողմի համար:

– Հետևանքների մասին բազմիցս ենք խոսել. բավականին լուրջ խնդիրներ ստեղծող որոշում է, որը սակայն խնդրի լուծումն էականորեն չի փոխում, այսինքն՝ Արցախի խնդրի հանգուցալուծումը, առավելևս՝ ժողովրդավարության տեսանկյունից: Այդ հարցի լուծումը մնացել է օդում, որովհետև չի կարող 120 հազարից ավելի բռնի տեղահանված մարդ՝ իր իրավունքներով հանդերձ, մնալ այն վիճակում, որում է: 

Այս խնդրի լուծումը տրված էր բացառապես մեկ կառույցի, որն էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետևաբար տվյալ առաքելությունը իր մանդատով հանդերձ չի իրականացվել, որը վերապահված է բացառապես այդ կառույցին՝ որպես միջազգային իրավական գործիք, որը ճանաչված է եղել բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Հայաստանի, նաև համանախագահող երկրների կողմից, հետևաբար խնդիրը մնացել է օդում, իսկ այդ խնդիրը պահանջում է լուծում: 

Որքան էլ ԵԱՀԿ անդամ 57 երկիր առարկություն չի ներկայացրել, բայց և չի էլ հաստատել այդ որոշումը, ընդ որում ասեմ, որ կառույցի լուծարման որոշումը նախարարների նիստի կոնտեքստում է որոշվել, իհարկե, դա իրավական ուժ ունի, բայց այդտեղ էլ վիճարկելի խնդիր կա, այդ մասով ես հատուկ կհրավիրեմ միջազգային իրավունքի մասնագետների ուշադրությունը, թե արդյոք համանախագահողների խմբի կողմից փաստաթուղթը լուծարման մասին դե յուրե՞ է, ու դա բացառապես իրե՞նց է վերապահված, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար պահանջվելու է 57 երկրի՝ անխտիր բոլորի ստորագրությունը, այսինքն՝ այս մասով նրանք պետք է մասնակից լինեին դրան: 

Իսկ ընդհանուր՝ գլոբալ առումով, ենթադրում եմ, որ նրանք էլ են գիտակցում, որ որքան էլ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները լուծարման մասով եկել են կոնսենսուսի, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այս պահին լուծված չէ: Այսինքն՝ մի շարք վերպետական կառույցներ, հումանիտար, հումանիստական կառույցներ, որոնք միջազգային իրավունքի համատեքստում զբաղվում են մարդկանց անձնական ու սեփականության իրավունքների պաշտպանությամբ, չեն կարող 120 հազար ու ավելի բռնի տեղահանված ու էթնիկ զտման ենթարկված մարդկանց իրավունքների խախտմամբ հանդերձ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդուհանդերձ արխիվացված լինի ընդհանրապես: 

Այդ խնդիրը դեռևս տարբեր երկրների պառլամենտների օրակարգում է, ու ես կարծում եմ, քանի կա այդ խնդիրը, որքան էլ այս պահին ներկա իշխանությունները հակված են օր առաջ փակել հարցն ամբողջովին՝ լուծարելով նաև Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը, այդուհանդերձ, խնդիրը չի կարող միջազգային օրակարգից դուրս գալ:

– Ի՞նչ հնարավորություններից զրկվեց հայկական կողմը Մինսկի խմբի լուծարմամբ:

– Եթե Ադրբեջանն ինքնակամ մասնակցում էր Մինսկի խմբին, ապա ընդունում էր, որ կա կոնֆլիկտ, կա նաև տարածքային վեճ, իսկ սա նշանակում էր, որ սա գործիք էր, ինչը կանգնած էր ադրբեջանցիների կոկորդին: Դե ֆակտո և դե յուրե միջազգային պայմանավորվածությունների արգասիք հանդիսացող խումբն այսօր լուծարվեց, ինչը նշանակում է, որ միջազգային ասպարեզում Հայաստանը կորցրեց շատ լուրջ խաղաթուղթ, որը կարող էր օգտագործել: Բնականաբար, եթե լիներ բացառապես ազգային շահերով առաջնորդվող իշխանություն, չէր տրվի ադրբեջանական սադրանքներին ու ճնշումներին ու չէր համաձայնի լուծարել այդ կառույցը: ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով հայկական կողմը կորցրեց այդ լուրջ խաղաթուղթը: 

– Պարո՛ն Կարապետյան, ասում եք, թե հարցը փակված չէ, այդ մասին դեռ խոսելու են, բայց դա որքանո՞վ է արդյունավետ լինելու, եթե չկա Մինսկի խումբը:

– Ընդամենը մնում է, որ միջազգային, վերպետական կառույցներում խոսելու են արցախցիների վերադարձի, հումանիտար օգնություն տրամադրելու մասին՝ որպես Ադրբեջանի քաղաքացիների, ինչն Ադրբեջանը առաջարկել էր վաղուց: Այսինքն՝ լավագույն դեպքում մենք ունենալու ենք այս կամ այն պետությունից հնչող կոչ, հորդոր արցախահայերի իրավունքների մասին՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, բայց մենք հո հասկանում ենք, չէ՞, որ դրա գինն էլ լինելու է այսպես կոչված ադրբեջանցի գաղթականների վերադարձը, նրանց գույքի իրավունքի ապահովումը Հայաստան, այսինքն՝ պայման՝ պայմանի դիմաց: Դիվանագիտության, միջազգային հարաբերությունների տեսանկյունից մենք բավականին լուրջ կորուստ ենք տվել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment