Բողոքի ցույց դատարանի մուտքի մոտ
«Կաշառակեր, դու դատարանից չե՛ս խուսափի», «Նեթանյահուի գործը չպե՛տք Է կարճվի»՝ ահա այսպիսի կարգախոսներով և պաստառներով են Թել Ավիվում իսրայելցիները դիմավորել դատարանի շենք ժամանած վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Վարչապետը նախագահ Իսահակ Հերցոգին դիմել Է ներում ստանալու խնդրանքով: Բենյամին Նեթանյահուն, որին ժողովուրդը նաև անվանում Է Բիբի՝ հայրենակիցներին հասցեագված ուղերձում բացատրել է իր քայլը:
Գործը վնաս Է հասցնում պետությանը
Նա ասել Է, թե այս գործը հարուցվել Է մոտ տասը տարի առաջ, իսկ բուն դատական գործընթացը սկսվել Է վեց տարի առաջ և դեռ տարիներ կշարունակվի:
Այդ ամենն, ըստ նրա, վնաս Է հասցնում պետությանը: Նեթանյահուն նշել Է, թե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք վկայում են իր անմեղության մասին:
Գործը ձգձվում Է Իսրայելի համար մի չափազանց դժվար ժամանակաշրջանում: Նա հավաստիացրել Է, որ նախևառաջ հենց ինքն Է այս գործի մանրամասն հետաքննության և դատարանի արդար ու անաչառ վճռի կայացման կողմնակիցը:
«Իսրայելի պետությունը բախվում է հսկայական մարտահրավերների։ Սպառնալիքները կանխելու հնարավորությունները իրացնելու համար անհրաժեշտ է ազգային միասնություն։ Դատավարության շարունակությունը մեզ ներսից պառակտում է և խորացնում Է անջրպետը։ Վստահ եմ, դատավարության անհապաղ ավարտը մեծապես կնպաստի կրակի մարմանը և բոլորիս հաշտեցմանը, որի կարիքն այդքան ունի մեր երկիրը»,- ասել Է վարչապետը։
«Ինչո՞ւ չեք ներում նրան»
Նեթանյահուին ներում շնորհելու գաղափարի կողմնակիցներից մեկը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Է, որը սեպտեմբերի 17-ին Է այդ մասին խոսել Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում և առաջարկն ուղղել իր իսրայելցի պաշտոնակից Հերցոգին:
«Մի գաղափար ունեմ, պարոն նախագահ, ինչո՞ւ չեք ներում շնորհում նրան, ներում շնորհեք»,- ասել Է Թրամփը:
«Մենք դա անընդունելի ենք համարում»
Մինչդեռ, ցուցարարներն այլ կարծիք ունեն: Էլանա Բարձիալին Associated Press-ի հետ զրույցում նշել Է, որ Նեթանյահուն նախ պետք Է խոստովանի իր մեղքը:
«Մենք դատավարության ընթացքում գրեթե շաբաթը մեկ անգամ այստեղ ենք գալիս, հիմա Բիբի Նեթանյահուն՝ առանց մեղքը խոստովանելու և պատասխանատվությունը կրելու, Հերցոգից ներում Է խնդրում, դա մենք անընդունելի ենք համարում։ Իսրայելում դեռևս օրենք կա, և դա նորմալ է, թող նա խոստովանի իր հանցագործությունները, թող հայտարարի իր մեղքի և պատասխանատվության մասին և հետո ներում խնդրի»,- ասել Է Բարձիալին։
«Նեթանյահուն պետք Է հեռանա քաղաքական կյանքից»
Նեթանյահուի առաջարկն անընդունելի Է նաև Իսրայելի ընդդիմության համար: Այդ Է երեկ ընդգծել ընդդիմության լիդեր Յաիր Լապիդը:
«Ես դիմում եմ նախագահ Հերցոգին՝ դուք չեք կարող Նեթանյահուին ներում շնորհել, քանի դեռ նա չի խոստովանել իր մեղքը, չի զղջացել և անհապաղ չի հեռացել քաղաքական կյանքից»,- ասել Է Լապիդը:
«Պետք Է փակել այս թեման»
Իհարկե, կան նաև վարչապետին սատարող քաղաքացիներ: Կիրիատ Մալաչի ավանի բնակիչ Դավիդ Հասոնը ենթադրում Է, որ պետք Է փակել այս թեման:
«Կարծում եմ Բիբիին պետք Է ներում շնորհել երկարատև դատավարությունն ավարտելու համար, այլապես դա ևս մի քանի տարի կշարունակվի»,- ասել Է Հասոնը:
Նեթանյահուն Իսրայելի պատմության մեջ միակ գործող վարչապետն է, որը դատարանի առաջ է կանգնել՝ մեղադրվելով խարդախության, վստահության չարաշահման և կաշառք ստանալու մեջ։ Նա դեռևս չի դատապարտվել։